«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը կատարված խուզարկությունների տեսանյութը ցնցել է նաև «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ, ԵԿՄ հիմնադիր առաջին նախագահ Արա Խուդավերդյանին (Կոռնիձորի Արո):

Արա Խուդավերդյանը «Փաստ»–ի հետ զրույցում նախ ընդգծեց' միայն որոշ գործընթացներից հետո կտա իր հստակ գնահատականները և միայն այդ ժամանակ ամբողջապես կվերլուծի իրավիճակը:

Այդուհանդերձ, շարունակելով խոսքը, անդրադառնալով կատարվածին և զգացումներին' նշեց. «Հիմա բոլորը հետևում են զարգացումներին: Շատերն անգամ գլխիկոր են' երեխաների նամակներն են կարդում… հարց են տալիս' ի՞նչ կատարվեց, ո՞ւմ գնաց այդ ամբողջ սնունդը: Շատերի համար սա անգամ անակնկալ էր, որովհետև պատերազմ անցածները միշտ լավ գիտեին, որ զինվորի հացը զինվորի ստամոքսում պետք է լիներ և ոչ թե պահեստներում: Ի՞նչ է հարկավոր պատերազմի մասնակցին, ով պատրաստ է իր կյանքը տալ: Շատ քիչ բան' ստամոքսը լիքը լինի, ոտքերն ու մարմինը բաց չլինեն, որից էլ հաղթական արշավներ կբխեն: Ու հանկարծ տեսնում ես, որ նշվածներից ոչ մի ատրիբուտ չկա: Եթե պահի տակ չկա' համակերպվում ես: Դե, մտածում ես, չի եկել քեզ, բայց գնացել է կողքի բլինդաժի Վարդանին: Բայց երբ տեսնում ես ո՛չ Վարդանին, ո՛չ քեզ է եկել, բայց փոխարենը արջերի ու գազանանոցային կերակուր է դարձել, սկսում ես ցայտնոտի մեջ հայտնվել: Ես երբեք թույլ չեմ տվել, որ իմ զինվորը սոված լինի կամ շոր չունենա: Զինվորին ընդունել եմ այնպես, ինչպես մարդը կընդունի իր պաշտպանին: Զինվորներն ինձ համար արժեք են: Ազգի պաշտպանը պետք է լավ ապրի, որ կարողանա պաշտպանել»:

Արա Խուդավերդյանի խոսքով' մարդիկ, ովքեր այդ մեծ արժեքը փորձում են զրոյացնել և օգտագործել իրենց շահերի համար, արժանի չեն ներման:

«Հարցն արդեն իրավական դաշտում է: Ամեն ինչ ուսումնասիրության առարկա կդառնա: Մեկ, թե մի քանի հոգի կպատժվի' չեմ կարող ասել, բայց միգուցե նման անակնկալներ էլի լինեն, ինչպիսին վերոնշյալ երևույթն էր: Նայելով ընդհանուր գործելաոճին' մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր պահի անակնկալ կարող է լինել»,–ասաց նա:

Անդրադառնալով երկրում առկա ընդհանուր իրավիճակին' ազատամարտիկը շեշտեց, որ այսօր ունենք ամենակարևորը. «Մի ողջ ժողովուրդ ազատվեց բռնատիրական կապանքներից: Սա փաստ է, որից բխում է նաև բաշիբոզուկների հետնահանջը: Գոնե առկա փաստերով մենք հասկանում ենք, որ վաղը երկիրը կործանումից կփրկվի: Նոր իշխանությունները պետք է շարունակեն անցյալում կուտակած ողջ թալանը բացահայտելուն ուղղված գործողությունները, վերականգնեն ժողովրդի իրավունքները: Վաղվա համար քայլելու և առաջ գնալու ժամանակացույցը պետք է ճիշտ դրվի, ինչն արվում է այսօր: Նախկին իշխանավորները դեռ փորձում են դերի մեջ զգալ իրենց, բայց որոշակի դիմակայությունից հետո, ինչպես բոլոր հեղաշրջումների ժամանակ, քայքայվելով ու տրոհվելով սև ու սպիտակի կբաժանվեն: Կբաժանվեն թալանչիների և ոչ թալանչիների: Նրանք, ովքեր դավադրության մասնակից են եղել, պետք է արժանին ստանան, որ բոլորը հասկանան' պետության և ժողովրդի հանդեպ դավաճան լինելը սարսափելի երևույթ է»:

Արա Խուդավերդյանը շեշտեց' օժանդակել են ու շարունակելու են օժանդակել կառավարությանը և վարչապետին, որ Հայաստանը լավագույն երկրներից մեկը դառնա:
Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք' ԵԿՄ կառույցի հետագա ճակատագրի շուրջ որևէ քննարկում կա՞' հաշվի առնելով, որ նաև այն լուծարելու մասին է խոսվում: Ի պատասխան ազատամարտիկը նշեց, որ դեռ որևէ քննարկում չկա. «Պետք է առաջ գան Երկրապահի պատերազմի մասնակիցները: Իսկ այն մասը, որն առաջ էր բերվել, նրանց հարցն էլ պետք է ինչ–որ լուծում ստանա: Ոտքի վրա ոչինչ չի կարելի ասել, որովհետև լուծումները մի քիչ ավելի լուրջ խորության վրա պետք է գտնել: Գործող բոլոր հասարակական կառույցները պետք է բանակցային կլոր սեղանի շուրջ հավաքվեն և լուծումներ գտնեն»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում