Վերջին օրերին կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում շատ է խոսվում այս կամ այն հիմնադրամի կողմից ապօրինի գործունեություն ծավալելու, կոռուպցիոն տարատեսակ սխեմաների մեջ ներքաշված լինելու մասին: Կան մի քանի հիմնադրամներ, որոնց հոգաբարձուների խորհուրդը ղեկավարում են Սերժ Սարգսյանի հարազատները: «Լույս»-ում ինքն է, անպտղության բուժման կարիք ունեցող ընտանիքներին օժանդակող «Արագիլ» հիմնադրամում՝ Ռիտա Սարգսյանը, «Փյունիկ» հիմնադրամում՝ Լեւոն Սարգսյանը: Այս օրերին մամուլի և իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում էին հայտնվել «Փյունիկ»-ը և «Երևան» հիմնադրամը, որը կապվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անվան հետ: Սակայն, ինչպես ասում են՝ խոշորներին դեռ չեն հասել, կամ չեն ցանկացել հասնել, ինչը նույնպես չի կարելի բացառել: Իսկ ցանկության դեպքում, առիթները և հնարավորություններն առկա էին: «Փյունիկ» հիմնադրամը պարբերաբար փողեր էր ստանում ՀԷՑ-ից, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից, «Արփա-Սեւան» ԲԲԸ-ից, որը պատկանում է ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանին, Մանվել Բադեյանի «Եվրոստան Ույուտ»-ից, Բարսեղ Բեգլարյանի «Արարատբանկ»-ից, անգամ ծայրաղքատ Գյումրու բյուջեից: Իսկ պատգամավոր Վարդան Այվազյանը, որը հայտնի է որպես հանքերի բիզնեսի մեջ ընդգրկված պաշտոնյա, որի բանկային հաշիվներին, սակայն, ընդամենը 72 հազար դոլար եւ 13 միլիոն դրամ գումար կա, միաժամանակ եւ՛ «Լույսի», եւ՛ «Արագիլի» մշտական դոնորների ցանկում էր:Քաղաքական դաշտում խոսում էին, որ Սերժ Սարգսյանն անձամբ քվոտաներ էր սահմանում, թե ով որքան պետք է վճարի այս կամ այն հիմնադրամին: Միայն այն, որ «Լույս» հիմնադրամն իր գործունեության առաջին տարիներին գրանցված էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի բնակարանի հասցեում՝ խոսում է այն հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին, որոնք եղել են և շարունակում են գոյություն ունենալ այս հիմնադրամում:
 
Ուշագրավ է, որ հիմնադրամի ամենամյա հաշվետվությունների մեջ միլիոնավոր դոլարների ծախսերը բացատրված են մեկ տողով՝ «համանման ծրագրերի և սոցիալական ծառայությունների վրա», առանց մանրամասնելու, թե ինչ ծրագրերի մասին է խոսքըԲարեգործություններ կատարած կազմակերպությունների և ընկերությունների ցուցակը ևս բավականին ուշագրավ է: Նախորդ տարիների ամենախոշոր բարեգործը Սամվել Կարապետյանի ՀԷՑ-ն է, որը հիմնադրամին է փոխանցել 1,5 միլիարդ դրամ (շուրջ 3.2 միլիոն դոլար), Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ»-ը և մի շարք այլ նախկին իշխանության մաս կազմած անհատներ և կազմակերպություններ: Այսինքն, կան լուրջ և հիմնավոր կասկածներ, որ կրթական հիմնադրամի անվան ներքո նախկին իշխանությունները գործի էին դնում իրենց լծակները` տարբեր տնտեսվարողներից միլիոնավոր դոլարների նվիրատվություններ ստանալու համար, որոնք, վերջին հաշվով, հստակ չէ, թե ինչպես էին ծախսվում: Մի կողմից հիմնադրամն աջակցում էր շնորհալի երիտասարդներին՝ արտեկրի լավագույն ԲՈՒՀ-երում կրթություն ստանալուն միտված քայլերին, բայց մյուս կողմից էլ՝ «Լույս» հիմնադրամի բյուջեի կեսից ավելին ծախսվել է այլ նպատակներով: 2017 թվականին «Լույս» հիմնադրամի ընդհանուր բյուջեն կազմել է 4,7 մլրդ դրամ, որից ընդամենը 1,7 մլրդն է հատկացվել աշխարհի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված 116 հայազգի ուսանողներին: Մնացյալը տրամադրվել է տարբեր ՀԿ-ների, կառույցների և աշխատավարձերի:
 
Սերժ Սարգսյանի հիմնադրամով զբաղվելու հիմքեր իրավապահ մարմինները ունեն, այլ հարց է թե ինչո՞ւ են հապաղում՝ չե՞ն ցանկանում ինչպես ինքը Սարգսյանն էր ասում՝ խոշորի գլխից բռնել,թե դեռ սպասում են: