Ինչպես տեղեկացրել էինք Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ հանդիպում է ունեցել «Լիդիան Արմենիա» ընեկերություն ներկայացուցիչների և հանքը շահագործելու դեմ պայքարողների հետ։ Հանդիպման ընթացքում Ջերմուկի բնակիչ Կորյուն Ստեփանյանն ասաց, որ պետք է առաջին հերթին փաստաթղթերի լիցենզիաները ստուգվեն։

«Նախկին կառավարությունը, պարզ է՝ ինչ պայմաններում է տվել թույլտվություն։ Պետք է առաջինը փաստաթղթերի լիցենզիաների թույլտվությունը ստուգվի։ Յուրաքանչյուր քաղաքացի հասկանում է, որ այդ հանքը բավականին մահաբեր է։ Առողջարանային քաղաքում հանքարդյունաբերությունը հանցագործության է համարվում»,-ասաց Ջերմուկի բնակիչը և հավելեց, որ հանքի շահագործումը նախագծից շեղումներով է կատարվել։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կառավարությունը ոչ մի խոչընդոտ չունի այդ ստուգումներն իրականացնելու, և եթե այն, ինչ ասվում է՝ պարզվի, որ իրական է՝ այդ մարդիկ քրեական պատասխանատվության կենթարկվեն։

«Դա չի կարող լինել ուղղակի հայտարարությունների հիման վրա։ Մարդուն դատապարտում են միայն ապացույցների հիման վրա»,-նկատեց վարչապետը։