Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանն ազատ է արձակվել կալանքից, վճարելով 1 միլիարդ դրամի գրավը, որ նրա խափանման միջոցը փոխելու համար սահմանել էր դատարանը: Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրված ապօրինի հարստացման համար: Այս պարագայում նույնիսկ երկրորդական է այն, թե ով է ի վերջո վճարել այս ասղտաբաշխական գումարը Ղազարյանի ազատ արձակման դիմաց. Կարևորն այն է, որ նախկին իշխանության օլիգարխիկ հենասյուներից մեկը Նոր Հայաստանում ազատ է արձակվում: Իհարկե, Ղազարյանին ազատել են գրավի դիմաց և գուցե առաջնորդվելով «մենք բանտերը մարդկանցով լցնելու խնդիր չունենք»՝ Փաշինյանի հայտնի հայտարարությամբ:
 
Այո՛, կա բյուջեն լցնելու խնդիր, և այդ խնդիրը այսօր պետությունը լավ թե վատ՝ կատարում է: Բայց այստեղ էլ կարող ենք նշել առնվազն մեկ «բայց». Փաշինյանի այդ հայտարարությունը, չգիտես ինչու, տարածվում է միայն Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի վրա, իսկ օրինակ՝ մեկ այլ քրեական գործի շրջանակներում կալանավորված Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը, ում անգամ տուժող համարված կողմը ոչնչում չի մեղադրում՝ շարունակում է մնալ բանտում:  Տպավորություն է, որ հանրության համար  հենց Բաբայանն էր ասոցացվում նախկին իշխանությունների ծայրաստիճան կոռուպցիայի, ապօրինությունների հետ: Բաբայանը, և ոչ, օրինակ, Սերժ Սարգսյանի զարմիկները, որոնցից՝ Նարեկը այս պահին, որոշ տեղեկությունների համաձայն, Մոնակոյում է՝ անչափ «ահաբեկված» իր նկատմամբ հայտարարված հետախուզումից: Սակայն Նարեկ Սարգսյանի համար էլ այսօր լավ լուր հնչեց՝ նրա մտերիմ ընկերը կարծես թե նույնպես «ջրից չոր դուրս կգա», համենայն դեպս՝ ըստ որոշ տեղեկությունների՝ Սերոբ Սահակյանն ազատ է արձակվել:
 
Այս վերջին երկու իրադարձությունները, որոնք հաջորդեցին մեկը մյուսին, որոշակի տարակուսանք են առաջացնում հանրության լայն շրջաններում՝ կապված տարվող հակակոռուպցիոն պայքարի ընդհանուր տրամաբանության, և ինչն էլ ավելի կարևոր է ՝ գործնական արդյունքների հետ: Իսկ այդպիսի արդյունքներ մենք մինչ օրս չենք արձանագրել: Այս պահին տարվող պայքարը, որքան էլ որ մասշտաբային է, միևնույն ժամանակ, շարունակում է մնալ դրվագային: Այն կշարունակի լինել այդպիսին մինչ այն պահը, երբ հանրությանը կներկայացվի առնվազն մեկ՝ նախկին իշխանությունների կողմից ձևավորված և բացահայտված լիարժեք կոռուպցիոն սխեմա: Եվ խոսքը «կարգոների», միջին օղակի կաշառակերներին դեմոնստրատիվ պատժելու մասին չէ, այն պարագայում, երբ բոլորն էլ հասկանում են, որ նրանք ընդամենը «քավության նոխազներ» են, իսկ իրական կոռուպցիոներները, քրեաօլիգարխիկ համակարգի իրական հենասյուները կամ շրջում են ազատության մեջ, կամ կալանքի տակ առնվելուց հետո շատ արագ ատղաբաշխական գումարների դիմաց ազատ են արձակվում՝ մարսելով իրենց գործած հանցանքները: Այնուհետև այդ մարդիկ կհայտարարեն, որ կրել են իրենց պատիժը՝ պետությունից գողացված գումարները վերդարձնելով պետական բյուջե: Դեռ մի բան էլ կարող է իրավապահ համակարգը ստիպված լինի ներողություն խնդրել Վաչագան Ղազարյանից՝ պատճառված անհարմարությունների համար: Դա էլ պակաս հավանական չէ՝ եթե այսպես շարունակվի: Ակնհայտ է, որ համակարգային պայքար կոռուպցիայի դեմ չկա. Սերժ Սարգսյանի՝ ազատությունը վայելող մերձավոր շրջապատն էլ դրա վառ վկայությունն է…