«Նոր Հայաստան՝ նոր Հայրապետ»  նախաձեռնությունը շաբաթ օրը Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով Երևանի Սուրբ Աննա եւ Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բակում կրկին բողոքի ակցիա է իրականացրել, որի ժամանակ ևս, ինչպես նախկինում, կաթողիկոսի և նրա հարազատների գործունեության վերաբերյալ փաստեր են հրապարակել։

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում «Նոր Հայաստան՝ նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներից Կարեն Պետրոսյանը նշեց՝ «Կաթողիկոսն ազգի համար մահացած է»։

 

«Մենք հիմա Կաթողիկոս չունենք և կոչ ենք արել, որ եկեղեցին, Կիլիկիո աթոռը, Պոլսո աթոռը, Երուսաղեմի աթոռը հայ ժողովրդի հոգևոր անվտանագությանը տեր կանգնեն»,-ասաց Պետրոսյանը։

Անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Կաթողիկոսի հանդիպմանը՝ Պետրոսյանը նշեց․

«Մերկելը Քրիստոնեադեմոկրատական կուսակցության լիդերն է, և նա ըստ այդմ է հանդիպել իր հետ, բայց հաղորդագրության մեջ ոչ մի էական և նյութական բան չկա։ Նա հայ ժողովրդի Կաթողիկոսն էր, բայց, դժբախատաբար, մահացավ»։

Հարցին, թե առաջիկայում նախաձեռնությունն ի՞նչ է պատրաստվում անել՝ Պետրոսյանը պատասխանեց․

«Ուսանողները վերադարձել են դասերի, մարդիկ վերադարձել են աշխատանքի։ Սեպտեմբերի կեսերից պլանավորում ենք էլ ավելի մեծ թափով ակտիվացնել հավաքները և հիմնական վեկտորն ուղղելու ենք Էջմիածին, այսինքն՝ լինելու ենք Մայր աթոռում և այնտեղ բազմօրյա հավաքներ ենք նախատեսում։ Եթե Կաթողիկոսը  խորագիտություն չունենա ու չլքի զավթած գահը՝ ստիպված կլինենք իրեն ստիպել դա անել»։

Պետրոսյանը նաև նշեց, որ պետական համակարգից փորձել են միջամտել, հանդիպել նախաձեռնության անդամների հետ, սակայն նրանք եղել են նախկին իշխանության ներկայացուցիչներ, իսկ կառավարությունն այս թեմայով չեզոքություն է պահպանում։