Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Սևանա լճից 40 մլն խմ լրացուցիչ ջրառ իրականացնել:

Նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցին կողմ քվեարկեց 80, դեմ՝ 1 պատգամավոր:

 

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, ով հայտնեց, որ նախագծին վերապահմամբ կողմ է քվեարկելու, քանի որ տեսել է այն գյուղացիներին, ովքեր ջուր չունեն: Միևնույն ժամանակ, Հայկ Բաբուխանյանն ընդգծեց, որ չի ստացել իր հարցերի պատասխանները խնդրի հետ կապված և Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին առաջարկեց ստեղծել քննիչ հանձնախումբ, որը կքննարկի ջրային ռեսուրսների կառավարման հետ կապված խնդիրները: