ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մուտքը քաղաքականություն, որն առայժմ միայն լրատվամիջոցներում և իր հարցազրուցներում է տեսանելի, փոխում է քաղաքական խաղադաշտի դասավորությունն ամբողջովին։ Այսօր Sputnik Armenia-ին տված հարցազրուցի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հստակ անդրադարձ կատարեց հայ-ռուսական հարաբերություններին՝ անուղղակի կերպով մեղադրելով Նիկոլ Փաշինյանին՝ այդ հարաբերություններում անզգուշություն ցուցաբերելու մեջ։ Ուշագրավ էր նաև նրա կողմից ընդդիմադիր բևեռի կենտրոն լինելու մասին դիտարկումը։ 

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում չբացառեց, որ Ռոբերտ Քոչարյանին քաղաքական պայքարում կաջակցեն ինչպես թիմակիցները, այնպես էլ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն։ 

 

«Բնականաբար, ցանկացած գործիչ ցանկանում է դառնալ ընդդիմության կենտրոն և հույս ունի, որ այդ համախումբը կլինի։ Ժամանակը ցույց կտա, թե որ շրջանակներում կարող են համախմբվել։ Դա կախված է իրադրությունից, իրավիճակից, իր քայլերից։ Եվ ցանկացած մարդ, որը հայտ է ներկայացնում մասնակցելու ընտրություններին՝ թիմակիցներ կունենա, նամանավանդ, նախկին նախագահը»,-ասաց Բոզոյանը։

Քաղաքագետը նկատեց, որ Ռոբերտ Քոչարյանն իր կառավարման տարիներին ունեցել է հաջողություն, սակայն դրանից հետո եղել է Մարտի1, և 2008 թվականին նա իշխանությունը հանձնել է մի մարդու, որից հետո այդ 10 տարվա  հաջողությունները 0-ի են հավասարեցվել։

«Քոչարյանի հաջողությունը մեծ կլիներ, եթե նա քաղաքականություն մտներ Սերժ Սարգսյանի ժամանակահատվածում, ասեր, որ ինքը սխալվել է և ուզում է փոխել իր սխալը, և այդ ժամանակ մարդիկ կհավատային և իրեն կտեսնեին որպես լուրջ, ազեցիկ գործիչ, որն ուզում է երկիրը տանել դրական ճանապարհով։ Այսինքն՝ եթե նա հակադրվեր Սերժ Սարգսյանին, և նրա կառավարման ժամանակահատվածում հայտնվեր, ապա համոզված եմ, որ նա մեծ հաջողության կհասներ, սակայն նա Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ բավականին պասիվ պահեց իրեն, որը բացասական ընկալվեց հանրության մեծ մասի կողմից»,-ասաց Բոզոյանը՝ հավալելով, որ մարդիկ Երկրորդ նախագահի ակտիվ քաղաքական քայլը տեսան այն ժամանակ, երբ նոր իշխանությունը սկսեց իրեն մեղադրել Մարտի 1-ի հարցով․ «Մարդկանց մոտ առաջացավ այն միտքը, որ Քոչարյանը քաղաքական դաշտ է մտնում զուտ անձնական խնդիրների, պաշտպանության համար»։

 

Անդրադառնալով Ռուսաստանի հնարավոր միջամտությանը Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն մուտք գործելուն՝ Բոզոյանը նկատեց․

«Ռուսաստանը կփորձի բազմավեկտոր քաղաքականություն վարել, այսինքն՝ կփորձի բարի դրացիական հարաբերություն հաստատել Փաշինյանի հետ, միաժամանակ, չի խորշի նաև ակտիվ համագործակցել այն շրջանակների հետ, ովքեր այլ դիրքորոշումով են հանդես գալիս, որովհետև Ռուսաստանը հասկացավ, որ պաշտպանելով Սերժ Սարգսյանին՝ ուժային կորուստ ունեցավ։ Դրա համար, նա փորձում է դիվերսիֆիկացնել և փոխել իր քաղաքականությունը՝ փորձելով բարի դրացիական հարաբերություններ հաստատել ոչ միայն նոր իշխանության հետ»։

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի կողմից Նիկոլ Փաշինյանին հայ-ռուսական հարաբերություններում անզգուշություն ցուցաբերելու մեջ մեղադրելուն՝ քաղաքագետը կարծում է, որ ցանկացած գործիչ, ով փորձում է այս պահին ակտիվ քաղաքականության մեջ մտնել, փորձելու է Նիկոլ Փաշինյանի սխալների վրա հենվել։

«Սա հասկանալի է, քանի որ հեղափոխությունը կատարվել է Փաշինյանի գլխավորությամբ։ Նա այսօր ունի բարձր վարկանիշ և շատ դժվար է այդ վարկանիշի դեմ դիմակայել ցանկացած գործչի համար։ Այն գործիչը, որը փորձում է ալտերնատիվ զանգվածի վրա աշխատել, փորձելու է աշխատել Փաշինյանի սխալների վրա։ Հասկանալի է, որ Փաշինյանը նախկինում ունեցել է ոչ այնքան դրական վերաբերմունք ՌԴ նկատմամբ, և այն թիմը, որն այսօր իշխանության մեջ է, նույնպես այլ դիրքորոշում է ունեցել նախկինում։ Սա որոշակի կասկածների խնդիր է առաջացնում Հայաստանի և Ռուսաստանի այսօրվա իշխանությունների միջև։ Բնականաբար, ցանկացած մարդ, ով փորձում է ալտերնատիվ քաղաքականությամբ զբաղվել, փորձելու է այդ խաղաթուղթն օգտագործել»,-նշեց Բոզոյանը։ 

Ամփոփելով, քաղաքագետը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի գլխավոր հույսը էյֆորիկ շրջանի ավարտվելն է․

«Սակայն այս պահին Նիկոլ Փաշինյանն է հեղափոխություն իրականացրել, նրանից հանրությունը մեծ սպասումներ ունի, և եթե այդ սպասումները չիրականանան, չի բացառվում, որ այլ գործիչներ փորձեն քաղաքական պահանջվածության խնդիր առաջացնել, այդ թվում՝ նաև Քոչարյանը»,-հավելեց Բոզոյանը։

Արմինե Արմենակյան