Ամերիկահայ միլիոնատեր, ինստագրամի աստղ և «պոկերի արքա» Դեն Բիլզերյանի՝ Հայաստան այցելությունը մեծ քննարկումների առիթ դարձավ։ Պատճառը ոչ միայն Բիլզերյանի վարած ցոփ ու շվայտ կյանքն է, կամ «ոչ հայկական» ապրելակերպը, այլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի հետ իր հայաստանյան առօրյան։ Չնայած Հայաստան այցի կարճատև լինելուն, Դեն Բիլզերյանը հասցրել է քաղաքացիություն ստանալ, հաշվառման կանգնել ՀՀ զինված ուժերում, Հայաստանի ՊՆ ինքնաթիռով մեկնել Արցախ, հանդիպել Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի հետ։ Այս ամենով նա և իր հետ ժամանած աղջիկները կիսվում էին ինստագրամյան իրենց էջերում։ Բիլզերյանի այցելությանն անդրադարձել են արտասահմանյան լրատվամիջոցները, մասնավորպես, բրիտանական Daily Mail-ը։ Սա հասարակության մի հատվածի մոտ ընդգծված ոգևորություն էր առաջացրել, սակայն Դեն Բիլզերյանի այցելությունը, հիմնականում, այնքան էլ դրական չընկալվեց Հայաստանում։ Հասկանալու համար՝ ամեն դեպքում՝ ի՞նչ տվեց նրա այցելությունը Հայաստանին, արդյոք ունե՞ր քաղաքական ենթատեքստ և այլ հարցերի շուրջ ԼՈւՐԵՐ․com-ը զրուցեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ։

 

- Պարո՛ն Մարտիրոսյան, Ի՞նչ տվեց Դեն Բիլզերյանի այցելությունը Հայաստանին:

-Ամոթ և խայտառակություն, որովհետև այստեղ նա քաղաքացիություն ստացավ, իսկ ապա՝ Հայաստանի մաս Արցախում ընդունվեց պետական մակարդակով: Փորձեմ բացատրել. քաղաքացիության ստացումը բոլոր իրենց հարգող երկրներում բարդ մի գործընթաց է, որն իրավունք չէ, այլ՝ պատիվ, և որը պետք է վաստակել: Բիլզերյանն իրեն երբևէ հայ չի համարել, հայության հետ որևէ կապ չի պահպանել և բացի հայկական ազգանունից՝ ոչ մի այլ աղերս հայության հետ չի ունեցել: Եվ կեղծ են այն լուրերը, որ իբրև թե զենք է ուղարկել Արցախ: Ադրբեջանական պորպագանդայի այդ պրիմիտիվ և հիմար հնարքի խայծը կուլ են տվել Հայաստանում և այդ ծաղրածուին դարձրել են «ազգանվեր» մի գործիչ: Ասեմ ավելին. Բիլզերյանի պես քրեական խնդիրներ ունեցած մարդիկ, որոնք նաև կոկաինի և վիագրայի խառնուրդ օգտագործելուց երկու անգամ սրտի կաթված են տարել՝ ուղղակի չեն կարող ԱՄՆ-ից զենքի արտահանման լիցենզիա ստանալ: Եվ եթե փորձեն առանց լիցենզիայի նման բան անել՝ ապա երկար, շատ երկար ժամկետներով կհայտնվեն ճաղերի հետևում: Ինձ համար, որպես հայի՝ վիրավորական էր, որ Միացյալ Նահանգներում որպես էժան և ցածրակարգ մի ծաղրածու հանդես եկող մեկին Հայաստանն անմիջապես քաղաքացիություն է շնորհում, իսկ այսպես կոչված երդման արարողությանը տվյալ անձը ներկայանում է անդրավարտիք հիշեցնող շորտերով և երդման տեքստից հաստատում է միայն, և այդ ամենն անում է ձեռքերի մատները գրպաններում:

 

Ավելի վիրավորական բան պետության հասցեին՝ դժվար է պատկերացնել: Եթե որևէ մեկը այդպիսի տեսքով ներկայանար ամերիկյան դատարան՝ քաղաքացիության երդում տալու՝ ոչ միայն չէին թողնի մասնակցել արարողությանը, այլև՝ թերևս հարցականի տակ կհայտնվեր ինքնին քաղաքացիության շնորհման հանգամանքը, որովհետև անհարգալից վերաբերմունք ցուցաբերված կլիներ երկրի հանդեպ: Բայց դա բավական չէ՝ Բակո Սահակյանի խնդրանքով ՀՀ ՊՆ-ն ուղղաթիռ է տրամադրում Բիլզերյանին, նրա եղբորը, բազմիցս հափշտակությունների հոդվածներով անցած իր հորը և խիստ կասկածելի բարոյականությամբ հայտնի իր բազում ընկերուհիներից երկուսին, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամներին՝ Արցախ այցելելու համար:

Այստեղ քալիֆորնիացի խեղկատակին ընդունում է մարդու իրավունքների պաշտպանը, իսկ պաշտպանության բանակն արժանացնում է ռազմամթերքով ընդունելության, որը Բիլզերյանն ուղղակի օգտագործում է որպես ինստագրամյան հայտնիության պահպանման միջոց: Եվ մինչդեռ Արցախում կարծում են, թե դրանով տուրիզմ են զարգացնում, իրականում անասելիորեն ընկնում է Հայաստանի և նրա մաս Արցախի վարկանիշը, որովհետև միայն բանանային հանրապետություններում են ինքնահռչակ «ինստագրամի արքաներին», որոնք իրականում թմրամոլ, սեքսամոլ և խաղամոլ են՝ նախ քաղաքացիություն շնորհում և ապա նրանց առջև մարզի պետական մակարդակով բացում բանակի դռները: Եթե ամեն տեսակի հայտնիությունը Հայաստանում, միևնույնն է՝ հպարտության և սիրո թեմա է դառնալու, ապա ԱՄՆ-ում կա Բիլզերյանից շատ ավելի հայտնի մի հայուհի՝ Քրիսթի Քենյոնը, որ դասական պոռնոգրաֆիայի թագուհիներից է և համարվում է կենդանի լեգենդ: Այդ տրամաբանությամբ կարելի է նրան բերել Հայաստան, ընդունել, անձնագիր հանձնել և հուսալ, որ կգովազդի մեզ: Վերջապես պետք է չտես հայտնիամոլությունից անցում կատարել դեպի արժանապատիվ կեցվածք և հասկանալ, որ ամեն փայլուն բան չէ, որ ոսկի է: Հաճախ դա ուղղակի աղբ կարող է լինել: Ուրախալի է, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունն ուղղակի արհամարհեց այդ անձին և նրա ընտանիքը և չկրկնեց այն տգետ և ամոթալի սխալը, որ թույլ տվեցին Քիմ Քարդաշյանի Հայաստան այցի ընթացքում: Մնում է՝ Արցախում էլ դա հասկանան, ինչպես նաև՝ հայկական հասարակության մի զգալի հատվածում:

-Արդյո՞ք այդ այցելությունը քաղաքական ենթատեքստ ուներ՝ հաշվի առնելով Հայաստանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու հետ Դենի ընդգծված մտերմությունը։

-Այո՛: Սակայն ուզում եմ նշել, որ մտերմություն չկար և չկա: Բիլզերյանը, որպես ոչնչով հայտնի դարձած մարդ՝ իր ներկայությունը վաճառում է բարձր գին վճարողներին: Քոչարյանների ընտանիքը ակնհայտորեն վճարել էր նրան և նրա հսկայական ծախսերը՝ մասնավոր օդանավով Հայաստան գալու համար: Խոսքը տասնյակ հազարավոր դոլարների մասին է: Եվ այն շրջանում, երբ Ռոբերտ Քոչարյանը հետապնդվում է օրենքով՝ դժվար թե նման դատարկ օրակարգով հենց այնպես այսպիսի ծախսեր արվեին՝ զվարճանալու համար: Ակնհայտորեն, սա PR քայլ էր այդ ընտանիքի կողմից՝ երևալու հանրության աչքին և Դենի ենթադրյալ հեղինակությամբ ու նրան Հայաստան բերելով՝ որոշակի, իբրև թե, տեսանելիություն ապահովել: Նաև՝ պատահական չէ, որ Արցախի ղեկավարությունն էր փաստորեն այդ հարցում աջակցում Քոչարյաններին, մինչդեռ իմ շատ հավաստի թվացող տեղեկություններով՝ ՀՀ ՊՆ ղեկավարությունն անգամ տեղյակ չի եղել, թե ում համար է Բակո Սահակյանը ուղղաթիռ խնդրել ՊՆ-ից: Հետևաբար, այս առումով խնդիրը ոչ թե Երևանում է, այլ՝ Ստեփանակերտում: Եվ հանգամանքը, որ ՀՀ ՊՆ ռազմական ուղղաթիռով Արցախ է թռչում Ռոբերտ Քոչարյանի որդին՝ արդեն մեկ այլ` նույնքան, կամ` գուցե ավելի անթույլատրելի հանգամանք է:

-Վերջերս Հայաստան էր ժամանել նաև համաշխարհային աստղ Էլթոն Ջոնը։ Սակայն Դեն Բիզերյանի այցն առավել մեծ աղմուկ հանեց: Արդյո՞ք հետհեղափոխական շրջանում կառավարության հետ առնչություն չունենալը նպաստեց վատ արձագանքներին։

-Ո՛չ: Պատճառն այլ է: Էլթոն Ջոնը Հայաստան էր եկել հումանիտար ծրագրի շրջանակներում: Բացի այդ՝ Էլթոն Ջոնը համաշխարհային մշակույթում մեծ ավանդ ներդրած երաժիշտ է, որի մեղեդիներով սերունդներ են մեծացել: Ջոնը ՄԻԱՎ-ի դեմ պայքարող խոշոր հիմնադրամ է ղեկավարում և հայտնի է որպես հումանիտար ծրագրերի ջատագով: Իսկ ի՞նչ է անում Բիլզերյանը: Պորպագանդում է շվայտ և դատարկ կենսաձև, որը հենց Ամերիկայում մերժելի է համարվում և ունի 24 միլիոն հետևորդներ սոցցանցերում, որոնց մի մասն իր մակարդակի երիտասարդ մարդիկ են և հիանում են իր տխմարություններով, իսկ մի մասն էլ՝ պարզապես հետաքրքվողներ, որոնք հետևում են խելագար լուսանկարներին և վիդեոներին: Կառավարության կամ իշխանության հետ կապն այստեղ դեր չի խաղում: Խաղում է՝ այցելուի մշակութային դիրքն աշխարհում և իրական նվաճումների որակը:

-Եվ վերջում՝ Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Դեն Բիլզերյանի նկատմաբ։ Արդյո"ք կարելի է լուրջ ընդունել Ադրբեջանի` նման արձագանքը:

-Իհարկե: Դա շատ լուրջ հանգամանք է: Նախ՝ Բիլզերյանն ինքը այժմ մեծ խնդիրներ է ունենալու ճանապարհորդելու հարցում: Եթե դա Ինտերպոլի հետախուզում է, ապա ապացուցելը, որ քաղաքական մոտիվներով է հետապնդումը, և հետախուզումը վերացնելը նրանից լուրջ ջանքեր, եռանդ, ֆինանսներ և ժամանակ են խլելու: Ապա՝ այն՝ ինչ Արցախում ոմանք, որոշ ընդգծված գավառամտությամբ ու զավեշտալիորեն համարում էին և համարում են հիանալի գովազդ տուրիզմի և ներդրումների առումով՝ Ադրբեջանը արագ վերածեց հակագովազդի: Հիմա այլ Բիլզերյաններ, կամ ուղղակի նորմալ մարդիկ, օտարերկրացիներ՝ հայտնի և անհայտ՝ շատ երկար կմտածեն Արցախ այցելելուց առաջ: Բիլզերյանի վատ համբավ ունեցող, բայց, այնուամենայնիվ, հայտնի անունը ավտոմատ կերպով նաև հայտնի է դարձնում նրա այդ այցի պատճառով և դրա արդյունքում պատժվելու փաստը, և դա լրջագույն խոչընդոտ է այլ զբոսաշրջիկների և այցելուների համար: Վերջապես պետք է հասկանալ, որ մասնավոր հայտնիների մեծ մասը, որոնք եկել են կամ գալու են Հայաստան՝ այստեղ բարձր մակարդակի ընդունելություն ստանալով, ավելի վնասում են այս երկրին և նրա կարևորագույն մարզին՝ Արցախին, քան՝ օգնում են: Դա իջեցնում է երկրի վարկանիշը և դարձնում այն հեգնանքի առարկա, և թող հարյուր տուրիստ ուղղակի չգա Հայաստան, քան՝ հազար օտարերկրացի Արցախ անունը լսելով՝ պատկերացնի Արցախի պաշտպանության բանակի հարգելի սպաներին՝ հարգանքի անարժան ծաղրածուին զինամթերք տրամադրելիս, որպեսզի նա լցնի իր ինստագրամյան հաշիվը հերթական, բայց այս անգամ արդեն բարձր մակարդակի ընդունելություն ցույց տվող լուսանկարներով:

Հարցազրույցը՝ Արմինե Արմենակյանի