Արմավիրի մարզի մի շարք համայնքների բնակիչներ փակել են Արմավիր-Երևան ճանապարհը: Նրանք բողոքի ակցիա են իրականացնում՝ դժգոհելով խաղողի մթերման գներից: 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի բնակիչ Կարեն Սիսակյանն ասաց՝ գարնանն իրենց ասել են, որ խաղողը կմթերեն 160 դրամով, սակայն մթերման պահին դարձրել են 140 դրամ. «Մեզ վրա խաղողն արդեն 140 դրամ է նստել, ամեն ինչ թանկացել է՝ վառելիքից, թունաքիմիկատներից մինչև աշխատուժ, իսկ գինը նվազեցնում են: Մյուս գործարանները մթերում էին 160 դրամով, բայց Երևանի կոնյակի գործարանը իջեցրեց 140 դրամ ու քանի որ գին թելադրող է, բոլորը հետևեցին նրան և գինը իջեցրին 140 դրամ: Մեր պահանջն այն է, որ խաղողը մթերեն բարձր գնովՄենք՝ խաղողագործներս, երկարամյա պայմանագիր ունենք մթերողների հետ, որտեղ, սակայն, մթերման գին չի նշվում, մթերման գնի մասին մեզ ասում են մթերումից ընդամենը մի քանի օր առաջ»,- ասաց խաղողագործը: 

Խաղողագործը նշեց՝ իրենց հետ հանդիպել է Արմավիրի փոխմարզպետը և Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղի ներկայացուցիչները: 

«Խաղողի գինը որոշվել է 140 դրամ, ես ձեր պահանջը կփոխանցեմ ղեկավարությանը, իրենք կորոշեն՝ գինը բարձրացնել, թե ոչ»,- ասել է ներկայացուցիչը:

Սակայն, ըստ խաղողագործի, 3 կամ 5 դրամով հարցը չի լուծվի: 

Խաղողագործները չեն պատրաստվում նահանջել. ճանապարհը փակ են պահելու՝ մինչև խնդիրը լուծում ստանա: