ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն իր ելույթում նշեց՝ իրենք հանձնաժողովով դրական եզրակացություն են տվել նախագծին բացառապես քաղաքական նկատառումներից ելնելով. «Այս նախագծով այնպիսի խնդիրներ կան, որ իրավական առումով այս նախագիծն ընդունելը վտանգ է պարունակում իր մեջ: Հետևաբար, մենք կառավարության հետ պայմանավորվեցինք, որ նկատի ունենալով, որ կառավարությունն ատահերթ նիստ է հրավիրել հենց այս հարցի կապակցությամբ, և որպեսզի արտահերթ նիստը չտապալվի, մենք քաղաքական նկատառումներից ելնելով՝ կողմ քվեարկեցինք՝ դրական եզրակացություն տալով, բայց պայմանով, որ իրավական շտկումներ լինեն և միայն այդ դեպքում մենք կհամարենք, որ մենք ունենք իրավական, օրինական օրենք, որը միտված կլինի մեր ընտրական գործընթացը բարելավելուն և վստահություն ձեռք բերելու ընտրական գործընթացի նկատմամբ»,- ասաց Կոստանյանը՝ հիշեցնելով կառավարության հետ իրենց պայմանավորվածությունը:

Նրա խոսքով՝ օրենքը ներկայացնելու ժամանակ հնարավորություն կունենան իրենք ևս համոզվելու օրենքում առկա վտանգավոր կարգավորումների մասին. «Այս տեսքով օրենքի ընդունումը համարում եմ իրավական տեսանկյունից վտանգավոր»

Նշենք, որ նստաշրջանի օրակարգում ընդգրկված են «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը:

Այս օրինագծերով նախատեսվում է խստացնել ընտրախախտումների համար պատասխանատվությունը: Մասնավորապես, քրեականացվում է ոչ միայն ընտրակաշառք տալը, այլև ստանալը: Բացի այդ, վերաձևակերպված են ընտրակաշառքի հոդվածը, բարեգործության արգելքի խախտումը, ընտրությունների արդյունքների կեղծումը։ 

Ընտրությունների արդյունքները կեղծելու պատժաչափը կարող է հասնել մինչեւ ութ տարվա ազատազրկման, իսկ վարչական ռեսուրսի չարաշահման համար սպառնում է մինչեւ 6 տարվա ազատազրկում։ Նույնչափ ազատազրկում է սպասվում նաեւ լրագրողների, դիտորդների, հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելու համար։