ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն, ով 2008թ.-ին զբաղեցնում էր ՀՀ ՊՆ օպերատիվ վարչության պետի պաշտոնը, այսօր անչափ ուշագրավ հայտարարություն է արել, պնդելով, որ Մարտի 1-ին բանակին կրակելու հրաման չի տրվել: Բանակը չի կրակել. եթե կրակել են, կրակել են անհատ զինծառայողներ: Նրանց նման հրաման չի տրվել: ԳՇ պետը նաև նշեց, որ այդ օրերին սահմանում մարտական աշխատանքն ընթացել է սովորական հունով:«Առաջնագիծը նոսրացած չի եղել: Մարտական աշխատանքը եղել է սովորականի նման: Սահմանը Մարտի 1-ի օրերին չի թուլացել»,- նշել է Արտակ Դավթյանը:
 
Ընդամենը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել է՝ իրենց քննությամբ արդեն հիմնավորվել է, որ բանակը ոչ միայն մասնակցել է Մարտի 1-ի իրադարձություններին, այլև կրակել մարդկանց, բնակարանների ուղղությամբ: Այսինքն, բանակն ամբողջ ծավալով մասնակցել է այս գործողություններին: Այսօր այդ նույն միտքը կրկնել է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ում կարծիքով՝ բանակի մասնակցությունը մարտիմեկյան իրադարձություններին՝ ապացուցված փաստ է: Բացի այդ, Դավթաշենում, «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2008 թ.-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ երկրի այդ ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայ-ադրբեջանական սահմանից զորքերը հանել, բերել է սեփական ժողովրդին օկուպացնելու, և դա ապացուցված է: «Ու այդ ընթացքում խրամատներում մեր զինվորներին փոխարինող չի եղել: Նրանք, ովքեր պետք է մնային 14 օր, մնացել են շատ ավելի երկար, և մեր սահմանը եղել է անպաշտպան»,-հայտարարեց Փաշինյանը:
 
Ի՞նչ է ստացվում՝ ԳՇ պետը հակասում է և՛ վարչապետին, և՛ ՀՔԾ պետին, և՛ Պաշտպանության նախարարին: Դավթյանի՝ նման «դուխով» պահվածքը կարող է ունենալ երկու հիմնական պատճառ՝ կամ վերջինս մտահոգվելու իրական առիթներ ունի՝ այն պարզ պատճառով, որ Մարտի 1-ի ժամանակ վերջին գործող անձանցից չէր՝ զբաղեցնում էր ՀՀ ՊՆ օպերատիվ վարչության պետի պաշտոնը, կամ էլ վերջինս փորձում է այսպիսով պահել այն անձանց, ում կառավարման տարիներին հասել է իր կարիերայի գագաթնակետին: Երկու դեպքում էլ Նիկոլ Փաշինյանի համար սա հերթական ահազանգն է: Առնվազն տարակուսելի է, երբ նոր իշխանությունների համար այսչափ ռեզոնանսային հարցում կարևորագույն ռազմական պաշտոններից մեկը զբաղեցնող անձը բացահայտ հակադարձում է երկրի բարձրագույն ղեկավարությանը…
 
Ս.Խաչատրյան