Ըստ ՀՀ ԱՎԾ ներկայացրած տվալների այս տարվա ութ ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության աճը կազմել է 7,7 տոկոս: Այն, որ աճի այս ցուցանիշով ներկայիս կառավարությունը պարտական է տնտեսական բարձր աճ ապահոված նախորդ կառավարությանը, վկայում են տարվա առաջին երեք՝ հունվար-մարտ ամիսների ցուցանիշները: Մասնավորապես այդ ամիսներին տնտեսական ակտիվության աճը կազմել է 10,6 տոկոս: Այսինքն,՝ տնտեսական ակտիվության աճի տեմպը, ըստ պաշտոնական վիճակագրության, նվազել է գրեթե 3 տոկոսով: Ընդ որում՝ վատթարն այն է, որ աճի տեմպի առավել մեծ նվազում ունեցած ճյուղերն են արդյունաբերությունը եւ շինարարությունը, իսկ գյուղատնտեսությունը ընդհանրապես անկում է ապրել:  
 
 
Ըստ ԱՎԾ-ի, օգոստոսին անցած տարվա օգոստոսի համեմատ գյուղոլորտում անկումը կազմել է 16.7 տոկոս։ Սա ավելի մտահոգիչ է, երբ հաշվի ենք առնում, որ այս անկումը գրանցվել է անցած տարվա օգոստոսի համեմատ, երբ անցած տարի էլ նախորդ տարվա օգոստոսի համեմատ արձանագրվել էր էլ ավելի մեծ անկում՝ 25 տոկոս։ Ըստ պաշտոնական տվյալների, 2016 թ. օգոստոսին գյուղոլորտի արտադրանքը կազմել է 165 միլիարդ դրամ, 2017-ի օգոստոսին՝ 125 միլիարդ դրամ, այս տարվա օգոստոսին՝ 101 միլիարդ։ Տնտեսության ներկայիս աճը պայմանավորված է տուրիստական հոսքի որոշակի ավելացմամբ եւ ոչ էական այլ մուտքերով, ինչպես նաեւ՝ ապաստվերացումից գոյացած արհեստական աճով՝ զարգացում, ըստ էության, չկա ու չի կարող լինել։
 

 

Ռուբլու ու ռուսական շուկայի թուլացումը, այլ շուկաների յուրացման գրեթե բացակայության պայմաններում՝ վատ ազդակներ են։ Եթէ երեք գործոններ՝ ռուբլու թուլացում, տրանսֆերտների պակաս ու տուրիզմի հոսքի նվազեցում, հատվեն մեկ կետում, մենք կհայտնվենք ծանր ճգնաժամի մէջ։ ՏՏ ոլորտի աճի տեմպը չի կարող չեզոքացնել նման անկումը։ Այսօր արդեն, նաեւ համաշխարհային տնտեսության մէջ նկատվում են տնտեսության տեմպերի հետագա անկման սպասումներ։Բանկերում խնայողությունների ավելացումը՝ վատ ցուցանիշ է, որը խոսում է ներքին ներդրողների պասիվության մասին։ Օտարերկրյա մեծածավալ ներդրումների մասին դեռևս միայն սին խոստումներ են ու սպասումներ: Իրականում առկա է արագ զարգացման երկու տարբերակ՝ կամ ազգովի շալակում ենք տնտեսությունը ու սկսում ենք վազել, կամ ճիշտ համակարգ ենք ձևավորում, նստում տնտեսական մեքենան ու միացնում շարժիչը։ Բայց դրա համար նախ և առաջ պետք է հրաժարվել պոպուլիզմից և ցանկալին՝ իրականության տեղ ներկայացնելու անչափ վտանգավոր պրակտիկայից…
 
Ս.Խաչատրյան