Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հինգ անձանց դանակահարության դեպքի առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտե դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  2018թ. հոկտեմբերի 1-ին՝ ժամը 23:00-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ահազանգեր են ստացվել առ այն, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել երկու երիտասարդներ, որոնցից մեկը՝ ձախ նստաթմբի ծակած վերքով, մյուսը բազմակի ծակած վերքերով:

Նույն օրը՝ ժամը 23:45-ին, նույն բժշկական կենտրոնից դարձյալ ստացվել են ահազանգեր այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել ևս երկու երիտասարդներ, որոնցից մեկի մոտ ախտորոշվել է «կրծքավանդակի ձախ կեսի ծակած վերքեր», իսկ մյուսի մոտ առկա են եղել բազմակի ծակած վերքեր:

 

Հաջորդ օրը՝ 2018թ. հոկտեմբերի 2-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից կրկին ահազանգ է ստացվել այն մասին, որ «ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել ևս մի երիտասարդ:

Դեպքի առթիվ 2018թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Նախաքննությամբ իրականացվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ, որոնց արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, մասնակիցների ինքնությունը, դրդապատճառը, դեպքի վայրը:

Պարզվել է, որ նշված անձինք մարմնական վնասվածքներն ստացել են Երևան քաղաքի Տիմիրյազևի փողոցում տեղի ունեցած նույն վիճաբանության ժամանակ:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք հանդիսանում են նույն ընտանիքի անդամներ՝ հայրը և վերջինիս երեք որդիները, ովքեր ձերբակալվել են:

Նախաքննության ընթացքում բժշկական կենտրոն տեղափոխված հինգ երիտասարդները ճանաչվել են տուժող, սակայն, ըստ բժշկի տեղեկանքի, նրանք ի վիճակի չեն եղել ցուցմունք տալ:

 

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություններ, օրենքով սահմանված կարգով զննվել են ավտոմեքենաներ, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ վերցվել են արյան նմուշներ, կատարվել է քննչական փորձարարություն, առգրավվել հանցագործության գործիք հանդիսացող դանակը, հարցաքննվել շուրջ երկու տասնյակ վկա: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: