Կառավարության նիստում այսօր 3 նոր մարզպետներ նշանակվեցին։ Վայոց ձորի մարզպետ նշանակվեց ՔՊ անդամ Տրդատ Սարգսյանը, Լոռու մարզպետ` ՔՊ անդամ Անդրեյ Ղուկասյանը, Գեղարքունիքի մարզպետ` բնապահպանության փոխնախարար, ՔՊ անդամ Գնել Սանոսյանը:
 
Երեք մարզպետներն էլ ՔՊ-ական են, ինչից կարելի է ենթադրել, որ վարչապետ Փաշինյանը վերահսկողություն է հաստատում մարզերում, ինչը անչափ կարևոր է նախընտրական շրջանում, հաշվի առնելով այն փաստը, որ տոկոս խփելը, հեղինակություններին գործի դնելը բնորոշ էր հենց սոցիալապես անապահով մարզերին, հետևաբար, ՏԻՄ –ում «իր մարդուն» ունենալը Փաշինյանի համար պարզապես օրվա հրամայական է:
 
Նորանշանակ մարզպետներից մեկն է այս տարվա ընթացքում բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրել իր ֆինանսական հայտարարագիրը: Մասնավորապես, մինչ այս պահը Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Անդրեյ Ղուկասյանը հայտարարագրել է բնակարան, հասարակական նշանակության շինություն, հողամաս, բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում, մեկ մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց՝ MERCEDES-BENZ ML 35, պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Ղուկասյանը հայտարարագրել է 8,500,000.00 ՀՀ դրամ. ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը կազմել է 3,500,000.00 ՀՀ դրամ:
 
Ինչ վերաբերվում է Գեղարքունիքի նորանշանակ մարզպետին, ապա Սանոսյանին շատերը հիշում են 2017-ի ԱԺ ընտրություններից։ Նա ակտիվ ՔՊ-ական է, «Ելք» դաշինքի կողմից թիվ 8 ընտրատարածքում (Գեղարքունիքի մարզ) առաջադրվել էր ռեյտինգային ընտրակարգով պատգամավորի թեկնածու, սակայն հավաքել էր ընդամենը 420 ձայն։ Նորանշանակ մարզպետը «լայվերի», «ուտուշ-խմուշների» մեծ սիրահար է։ Նրա ֆեյսբուքյան էջը ողողված է ծնունդ-կնունքի, խաշ-փարթիների ու ընտանեկան կերուխումի բազմաթիվ լուսանկարներով։ Բացի այդ՝ նոր մարզպետը, ըստ էության, մեծ ռոմանտիկ է` գինու կարմիր գավաթները և վարդափնջերը նրա էջից անպակաս են։
 
Վայոց ձորի նորանշանակ մարզպետը Երևանի ավագանու ընտրություններում «Իմ Քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի 4-րդ համարն էր, նաև ՔՊ վարչության անդամ է:
 
Այս նշանակումները ևս մեկ անգամ փաստում են՝ կադրային խնդիրը որևէ տեղ չի վերացել. այն կա և դեռ իրեն զգացնել է տալու ապագայում: Երևի դա է տարածված կարծիքի պատճառը, որ այս նշանակումները ժամանակավոր են և համապետական ընտրություններից հետո թե՛ նախարարությունները, թե՛ մարզերը կկոմպլեկտավորվեն ավելի բանիմաց և պրոֆեսիոնալ կադրերով: