ՀՀ կառավարության որոշմամբ, օրերս Լոռու մարզպետ նշանակվեց  նախկին փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ով իր հետ մարզպետարան է բերել «հեղափոխության շունչն» ու առաջին օրվանից հայտարարել կադրային մի շարք փոփոխությունների մասին։ 

Ղուկասյանի խոսքով՝ մարզում խնդիրները բավականին շատ են, սակայն դրանց առաջիկայում փուլային լուծումներ կտրվեն։ ԼՈՒՐԵՐ.com-ն այս թեմայով զրուցեց Լոռու մարզում առավել աչքի ընկնող՝ Ստեփանավանի ՀՀԿ-ական քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի հետ, ով պակաս հայտնի չէ իր և իր ընտանքի անվան հետ կապված  սկանդալային բացահայտումներով։ Բոլորովին վերջերս էլ Ստեփանավանի քննչական բաժնում որոշում է կայացվել՝ Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետ Ալբերտ Ղարաքեշիշյանին՝ Միքայել Ղարաքեշիշյանի որդուն ձերբակալելու մասին: Պարզվել է, որ Ստեփանավանի տարածքային գործակալության համակարգչային բազայում կեղծ տեղեկություններ են մուտքագրվել՝ տարբեր անձանց սոցիալապես անապահովության վերաբերյալ, նրանց անունները ներառվել նպաստառուների ցուցակներում, ձևակերպվել են ապօրինի նպաստներ, իսկ գումարները յուրացվել են։

 

Միքայել Ղարաքեշիշյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նույն ոգով շարունակելու է աշխատել նորանշանակ մարզպետի հետ՝ հանուն Ստեփանավանի։ 

-Չունե՞ք արդյոք մտավախություններ, որ նորանշանակ մարզպետը կհանձնարարի ստուգումներ անցկացնել քաղաքապետարանում։ 

-Ի՞նչ մտավախություն պիտի ունենամ: Միշտ արդար եմ աշխատել ու այդպես էլ շարունակելու եմ, ինչքան ուզում է՝ թող ստուգումներ անցկացնի, ես խնդիր չունեմ։ Ես աշխատել եմ ու պատրաստ եմ միշտ էլ աշխատել։ 

Մամուլում կան մի շարք հրապարակումներ Ձեր և Ձեր տղայի հետ կապված: Վերջերս նաև չարաշահման դեպքի բացահայտման համար ձերբակալել էին Ձեր որդուն, իսկ այս մասո՞վ ինչ կասեք։

-Այո՛, ստուգումներ արել են, անում են, ու թող ինչքան պետք ա՝ անեն, ով էլ ինչ արել ա՝ դրա պատասխանը կտա: Ես մարզպետին ճանաչում եմ, նորմալ, խելքը գլխին տղա ա։ Ճիշտ ա՝ մեծ խնդիր ա մարզպետ լինելը, բայց որ ուզել ա լինի մարզպետ՝ ուրեմն կարա պաշտոնավարի։

-Վարչապետ  Փաշինյանն ու իր թիմակիցները քանիցս ցույց են տվել իրենց ընգծված վերաբերմունքը ՀՀԿ-ականների նկատմամբ,  Ձեր կուսակցական պատկանելությունը կխանգարի՞ արդյոք Ձեր պաշտոնավարմանը։

 

-Ես չեմ հասկանում, Հանրապետական կուսակցության մարդիկ աշխատող չեն եղե՞լ, սաղ թալանչի՞ են եղել, պիտի չաշխատե՞ն, դա ի՞նչ վերաբերմունք է։

Արմինե Միքայելյան