Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում առաջին անգամ Հայաստան  ժամանեց բարձրաստիճան պատվիրակություն՝ Արքայազն Ալբեր II-ի գլխավորությամբ:

Արքայազն Ալբեր II-ին հաճելիորեն զարմացրեց իմ կողմից պատրաստած մոնեգասկերեն լեզվով (որը շրջանառության մեջ չի օգտագործվում առօրյայում) գրված հուշագիրը, որն էլ թարգմանվել էր Մոնակոյում՝ պրոֆեսոր Պ. Մակարիոյի կողմից: Ուրախ եմ, որ Արքայազն Ալբեր II-ը սիրով ընդունեց իմ նվերը իր Հայաստան առաջին այցի կապակցությամբ: Նվերը՝ անվանական «Լոռի» գորգը (գործված «Մեգերյան կարպետ» ընկերությունում), իրենից առանձնահատուկ արժեք է ներկայացնում և այն վաճառքի ենթակա չէ: Առաջին «Լոռի» գորգը նվեր է ստացել Շառլ Ազնավուրը, իսկ երկրորդը՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Արքայազն Ալբեր II-ին փոխանցվեց նաև Հայաստան-Մոնակո բարեկամական հարաբերությունները խորհրդանշող հուշամեդալ:

 

Իրականում այս տարին լի էր Հայաստան-Մոնակո իրադարձություններով՝

1. Հունիսին Մոնակոյի Արքեպիսկոպոս Բեռնարդ Բարսին ընդունեց ինձ իր նստավայրում, ում փոխանցեցի հայկական գորգ-խաչքար (12-րդ դարի Գոշավանքի խաչքարի կրկնօրինակ), որը իր ուրույն տեղը կգտնի Մոնակոյի նորակառույց մատուռում:

2. Սեպտեմբերին Մոնակոյում տեղի ունեցան Հայաստանի օրերը՝ «ARMENIAN COLLECTION 2018 MONTE-CARLO» խորագրով միջոցառումները: «Opera de Monte Carlo»-ում Մոնակոյի հանդիսատեսին հիացրեցին դաշնակահարուհի Նարե Արղամանյանի և սոպրանո Հասմիկ Պապյանի անզուգական ելույթները: Միջոցառման հաջորդ օրը «Hotel Metropole, Monte Carlo»-ում տեղի ունեցավ ARARAT Լեգենդար Հայկական Կոնյակի և հայկական լավագույն գինիների ներկայացում-համտես: Երեկոյան կազմակերպվեց հայ դիզայներների նորաձևության ցուցադրություն, որի հատուկ հյուրերի շարքում էին աշխարհահռչակ Ֆրանկ Մյուլլերը և սուպերմոդել Ադրիանա Կարամբոն, իսկ այնուհետև հյուրերը վայլեցին հայկական դուդուկի ելևէջները՝ Լևոն Չատինյանի կատարմամբ:

3. Հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Հայաստան Մոնակոյից առաջին անգամ ժամանեց բարձրաստիճան պատվիրակություն՝ Արքայազն Ալբեր II-ի գլխավորությամբ: