ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի համոզմամբ՝ գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ քարոզչություն է իրականացվել հանրությունը նրա դեմ տրամադրելու համար։ 

«Ինչ կա, գտել ու ցույց են տվել՝ դարձնելով էմոցիոնալ իրավիճակում քարոզչության նյութ, բայց,  իմ տեղեկություններով, ապացուցված է, դա տրված է «Երկրապահին» հատուկ գրությամբ՝  ՊՆ-ի անունից և այլն, և որևէ ապօրինի բան չկա»,-  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոյանը:ԱԺ պատգամավորը նկատեց, որ ավելի ճիշտ կլիներ, եթե երկրապահներն իրենց մեջ կամք գտնեին ու  ասեին՝ դա զինվորի բաժին է, բա մենք զինվոր չե՞նք։

Սամվել Նիկոյանը վստահեցնում է, որ եթե որևէ մեկը կարծում է, թե հարձակումը Մանվել Գրիգորյանի հանդեպ ուղղակի նրա անձի դեմ էր ուղղված, ապա սխալվում է։ Ըստ նրա՝ դա Արցախյան հերոսամարտի դեմ էր ուղղված։ «Գտնում են հերոսամարտի խորհրդանիշներից մեկին, հակաքարոզչություն անում, չարի կերպար ստեղծում և ոչնչացնում»։

Վերջում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանն ընդգծեց․ «Ապրիլի 1-ին «Երկրապահը» 2500 հոգով արդեն խրամատում է եղել, բա ինչո՞վ են սնվել: Աստված ոչ անի, վաղը մյուս օրը կրկին պատերազմ լինի, նրանք էլի գնալու են իրենց պարագաներն ունենան, հագուստը, սնունդը, նրանք պարբերաբար գնում են ճամբարներ և այլն»։