Գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային համակարգը Հայաստանում ներդրվելու է 2019-ից, ապա տարեցտարի ավելանալու է ապահովագրության աշխարհագրությունը, նաև՝ ապահովագրման ենթակա մշակաբույսերի տեսակները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 17-ին ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպում-զրույցում հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:

«Բնական աղետները բավականին ռիսկային են դարձնում գյուղատնտեսությունը: Մենք այս հարցի համար սակայն լուծում ունենք: 2019-ից ներդրվելու է գյուղատնտեսության ապահովագրական համակարգը: Այն լինելու է պիլոտային, սակայն հավաստիացնում եմ, որ յուրաքանչյուր տարի մենք ավելացնելու ենք ապահովագրության թե աշխարհագրությունը, թե ապահովագրման ենթակա մշակաբույսերի տեսակները: Գյուղատնտեսությունը, այսինքն, տեղափոխում ենք ավելի ցածր ռիսկայնության ոլորտ»,-ասաց Գևորգյանը:

Նախարարի պաշտոնակատարը նկատեց, որ նաև շատ արդյունավետ եղանակ է հակակարկտային ցանցերի կիրառումը: Այսօր արդեն Հայաստանում ունենք այդ ցանցերի արտադրությունը: Գևորգյանը վստահորեն ասաց, որ դրանք այստեղ ավելի մատչելի և էժան կլինեն, քան ներկրվածները։