«Այս խնդրի լուծման ձգձգվելու պատճառներից մեկն այն է, որ երբ հանդիպում ունեցանք ստոմատոլոգիական ոլորտի ՀԿ-ների, ասոցիացիաների ղեկավարների հետ, ՀԿ-ի մի ներկայացուցիչ (ով հանդիսանում է խոշոր սուբյեկտ) ասաց, որ պետք չի հարկերի նվազեցումը»: Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց «Կառուցողական ստոմատոլոգիա» առողջապահական ՀԿ ղեկավար Հովհաննես Գևորգյանը, անդրադառնալով ստոմատոլոգիական ոլորտում մանր ու միջին բիզնեսին սպառնացող խնդիրներին։

ՀԿ ղեկավարը կառավարությանը տեղեկացրել է, որ կհայտնվեն մարդիկ, ովքեր դեմ կլինեն հարկերի նվազեցմանը՝ այդպիսով ցանկանալով մանր և միջին ստոմատոլոգիական կլինիկաների հարկերը չբարեփոխվելու հաշվին իրենց խոշոր բիզնեսը կոմֆորտի մեջ պահել. «Դադարեցրե՛ք ձեր ոչ բարի գործը, այլապես՝ ստոմատոլոգիական ոլորտի առաջ պատասխան եք տալու»,-կոչով դիմեց Հովհաննես Գեւորգյանը:

Գևորգյանի խոսքով՝ մինչ օրս էական քայլ չի արվել կառավարության կողմից, չնայած, որ երկու անգամ դիմել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ անմարդկային արտոնագրային հարկաչափի վերանայման վերաբերյալ։ Ըստ Գևորգյանի՝ Փաշինյանը խոստացել է ընդառաջել խնդրանքին։ «Հասկանում ենք այսօրվա անցումային իրադարձությունները, բայց կարելի է թեկուզ մի երաշխիքային քայլ անել մինչ ընտրություններ, որից հետո հիմնովին անդրադառնալ ստոմատոլոգիական ոլորտի բարեփոխումներին»,-ասաց Հովհաննես Գևորգյանը և հավելեց, որ որ այս ամենի պատճառը նաև այն է, որ ստոմատոլոգիական ոլորտը դեռ չունի հոգատար առաջնորդ:

Վերջում «Կառուցողական ստոմատոլոգիա» առողջապահական ՀԿ ղեկավար Հովհաննես Գևորգյանը նշեց, որ անհամբերությամբ սպասում են կառավարության կողմից մի երաշխիքային քայլի՝ մինչ ընտրություններ, միջին և մանր ստոմատոլոգիական կլինիկաների հարկերի վերանայման և նվազեցման վերաբերյալ:

Արմինե Միքայելյան