Slaq.am-ը շարունակում է ներկայացնել Ազգային ժողովի պատգամավորներին' նրանց անցած ճանապարհը, իրականացրած գործունեությունը։ Ներկայացնում ենք պատգամավորին՝ տարբեր տեսանկյուններից։

Այս անգամ «փորփել» ենք ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի կենսագրությունը:

Առաքել Մովսիսյանը պատգամավոր է ընտրվել 2004թ. թիվ 27 ընտրատարածքից, 2007թ. մինչև վերջին խորհրդարանական ընտրությունները նա խորհրդարան է մտել ՀՀԿ-ի համամասնական ցուցակով:

Մովսիսյանին էլ կարելի է դասել ԱԺ-ի ամենապարտաճանաչ պատգամավորների թվին, 5-րդ գումարման խորհրդարանական նիստերից նա բացակայել է 3 անգամ:

Սակայն ըստ parliamentmonitoring.am կայքի, այս ամիսների ընթացքում նա ընդհանրապես հանդես չի եկել հարցադրումներով և ելույթներով:

Ասում են' Առաքել Մովսիսյանը, ով ավելի շատ հայտնի է «Շմայս» մականունով, չի կարողացել պահպանել այն զենքը, որից ստացել է իր մականունը: Նա չի նեղվում իր մականունից եւ հպարտությամբ է նշում, որ Արցախյան ազատամարտի տարիներին, երբ զենք շատ դժվարությամբ էին հայթայթում, ինքը կարողացել է 21 տարեկանում «Շմայսեր» տեսակի ավտոմատ հայթայթել, ջոկատներ հավաքել և մեկնել ռազմադաշտ:

Ստորև ներկայացնում ենք Առաքել Մովսիսյանի կենսագրական տվյալները.

Ծնվել է 1966թ. օգոստոսի 20-ին Էջմիածին քաղաքում:

1993-1997թթ. սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում եւ ստացել նախնական ռազմական պատրաստականություն եւ մարմնակրթություն մասնագիտությունը:

2000-2004թթ.' Պաշտպանության նախարարության աշխատակազմի վերլուծական բաժնի ավագ սպա:

1989-1995թթ. մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին: Զբաղվել է բռնցքամարտով, Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի մրցավար է:

2004-2007թթ'. Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 27 ընտրատարածք): Ազգային ժողովի պաշտպանություն, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբում չի ընդգրկվել:

2007-2012թթ.' Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 19.06.2007-31.05.2012թթ.' Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Առաքել Մովսիսյանը «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 1 առանձնատուն' 505.9 քմ մակերեսով և 3 հողամաս Արմավիրի մարզում:

Տարեկան դրամական եկամուտը' 3 մլն 71 հազ. 570 դրամ (պատգամավորի աշխատավարձ):

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ՝ դրամական միջոցներ, շարժական և թանկարժեք գույք, արժեթուղթ կամ այլ ներդրում, ըստ հայտարարագրի, չունի: