Օրեր առաջ տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական արտիստ Արաքս Դավթյանի անվան վոկալ ստուդիայի բացումը:

Ստուդիան նախատեսված է տարբեր տարիքային խմբերի համար, ունի նաև բուժական վոկալի դասընթացներ, ուր կարող են դիմել երգչական ապարատի հետ կապված խնդիրներ ունեցողները:
 
Նպատակն է աշխարհահռչակ երգչուհու վոկալ դպրոցի գաղտնիքների փոխանցումը երիտասարդ սերնդի երգիչներին և երգել սովորել ցանկացողներին, օգնել երգիչներին երգչական ապարատի հետ կապված խնդիրների դեպքում, ուղղորդել և սովորեցնել միջազգային հարթակ դուրս գալու ճանապարհները, մասնակցել անվանի երգիչների վարպետաց դասերին:
 
 Ստուդիան հիմնադրել են Ա.Դավթյանի սան, Վիենայի կամերային օպերային թատրոնի մեներգչուհի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, երգչուհի Լուսինե Ազարյանը և ՀՀ ԿԳՆ-ի «Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնը»:
 
Կարմիր ժապավեն կտրելու հանդիսավոր արարողություն, հյուրասիրություն, գեղեցիկ երաժշտություն: Մի խոսքով՝ տոնական տրամադրությունն ապահոված էր: Բացման արարողությանը մասնակցեցին Արաքս Դավթյանի ընկերները, կոլեգաները, որոնց մեջ անվանի մարդիկ՝ Սվետլանա Նավասարդյանը, Կոնստանտին Օրբելյանը, Դավիդ Ղազարյանը և այլք:
 
Ողջույնի խոսքով հանդես եկան Լուսինե Ազարյանը, մշակույթի կենտրոնի գեղարվեստական ղեկավար Սամվել Բալոյանը, ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը, Արաքս Դավթյանի ՝ Լոնդոնից ժամանած եղբոր աղջիկը...

Ամբողջ ընթացքում հնչեց Արաքս Դավթյանի ձայնը: Դավթյանի դաշնակահար Արմեն Աղաջանյանն ու Լուսինե Ազարյանը հնչեցրին երգչուհի ամենահայտնի կատարումներից մեկը` Սայաթ-Նովայի «Քանի վուր ջան իմը»:

Անդրադարձ կատարվեց նաև ապագա ծրագրերին. նախատեսվում է, որ կենտրոնը, բացի կադրեր պատրաստելուց, հետագայում կնախաձեռնի նաև Ա.Դավթյանի անվան երգիչների մրցույթ:

Հասցե, հեռախոս
Հայաստան, 0010, Երևան
Ագաթանգեղոսի փող., 3 շենք
+374-91-419412, +374-10-520963