Աղբահանության վճարը հավաքագրելու գործառույթն ամբողջությամբ պատվիրակվել է Երևանի վարչական շրջանի ղեկավարներին, որոնք այդ լիազորությունները իրականացնելու են աշխատակազմերի միջոցով: Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը նշեց, որ մինչ այս պահը այդ գործառույթը իրականացվում էր մրցութային կարգով ընդգրկված օպերատորների միջոցով և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների կողմից:

«Ակնկալվում է, որ սույն որոշմամբ կբարձրանա գումարների քաղման արդյունավետությունը»,- ասաց Առաքելյանը: 

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշեց, որ նախկինում կար ակնհայտ անվստահություն համատիրությունների նկատմամբ:

«Որքան իրենք իրենց մասով հավաքագրվող գումարի մասով խնդիր էին ունենում, այդքան էլ քաղաքապետարանը խնդիրներ էր ունենում աղբահանության վճարների հավաքագրման մասով: Այն վարչական շրջանները, որոնք սեփական միջոցներով էին հավաքագրումը իրականացնում, շահում էին, որովհետև կարգապահությունը վճարման տեսանկյունից ավելի մեծ էր: Բացի դրանից,  բյուջեով նախատեսված այն կտրոնները, որոնք տպագրվում էին և տրամադրվում էին համայնքատիրություններին, նրանց համար նույնպես միջնորդավճար էր նախատեսվում և ստացվում է, որ իրենց կողմից հավաքագրված գումարի շուրջ 10 տոկոսը մենք որպես միջնորդավճար էինք հատկացնում»,- ասաց  Խաժակյանը:

Նախագիծն ընդունվեց 44 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: