ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հետ զրույցում խոսելով արցախյան հակամարտության մասին, ասաց․ 

«Մենք որևէ կերպ չենք շեղվել այն բաներից, որ ասել ենք: Վստահ եմ, որ բազմիցս լսել եք ու որևէ շեղում մեր դիրքորոշման մեջ չի եղել, երբ մենք ընդգծել ենք այն սկզբունքները, որոնք վերաբերում են հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը, բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Ամենակարևորն ասել ենք՝ Հայաստանի համար ստատուսի և անվտանգության հարցերը մնում են ամենագերակա խնդիրները»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ էր նշանակում Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարի այն հայտարարությունը, թե վերջապես ՀՀ ու Ադրբեջանի միջև փոխըմբռնում կա, Զոհրաբ Մնացականյանն ասաց․

«Փոխըմբռնումն այն է, որ հստակ են Հայաստանի մոտեցումները։ Մենք աշխատում ենք խաղաղության համար, բայց մեր վճռականությունը չպետք է հարցականի տակ դրվի, սա չի նշանակում, որ մենք կորցրել ենք մեր վճռականությունը։ Խաղաղությանն այլընտրանք չկա, խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է»,- շեշտեց Մնացականյանը։