Նախորդ իշխանության ղեկավարման տարիներին գաղտնիք չէր, որ Արցախի բնակիչները միշտ արտոնյալ էին, քանի որ թե՛ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, թե ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը արցախցիներ էին:

Ոչ ոքի մտքով չէր կարող անցնել, որ կարող են անտեսել արցախցու խնդիրը, պահանջը: Պարզվում է, որ այս իշխանության ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը կամ գոնե նրա քաղաքական թիմը շարժվում են խտրական նույն սկզբուքով, ինչը և կար նախկինում:

Ավելին՝ եթե նախորդները պարտադրում էին Արցախի Հանրապետության ցանկացած ներկայացուցչին չանտեսել՝ Փաշինյանի պարագայում բոլորովին այլ իրավիճակ է՝ եթե, մասնավորապես, Իջևանի բնակիչ ես՝ խնդիր չունես:

Շատերը լավատեղյակ են փողոցային առևտրականների՝ այս տարվա հունվարի 24-ին կազմակերպած ցույցերին, որոնք  իրենց հարցերի պատասխանները չստանալով՝ բողոքի ակցիան շարունակել են նաև հաջորդ օրը՝ Ազգային ժողովի դիմաց: Փողոցային առևտրով զբաղվող մի քանի քաղաքացիներ ԼՈՒՐԵՐ.com-ին պատմեցին, որ այդ օրը ԱԺ «Իմ Քայլը» դաշինքի որոշ պատգամավորներ՝ այդ թվում՝ Սիսակ Գաբրիելյանը, իմանալով, որ իրենց հետ բողոքի ակցիային մասնակցած Ա. Թարփոշյանը Իջևանի բնակիչ է, անմիջապես իրենց մոտ են կանչել. «Հենց իմացան, որ այդ կինը իջևանցի է՝ Փաշինյանի ծննդավայրից, միանգամից սաղ թղթերը դասավորեցին, կազմակերպեցին, որ մտնի ԱԺ շենք՝ իրենց հետ խոսելու: Այդ պատգամավորներն ասացին, որ իջևանցի եք՝ Դուք վաբշե պրոբլեմ չունեք»,- ասացին  փողոցային առևտրով զբաղվողներ տիկին Գայանեն և պարոն Վաչագանը:

Մեր զրուցակիցները նաև նշեցին, որ տասնյակ վաճառականներով երեկ այցելել են «Սասնա Ծռեր» կուսակցության գրասենյակ, զրուցել Վարուժան Ավետիսյանի հետ և խնդրել իրենց որևէ կերպ հանել ստեղծված վիճակից: Վերջիններս փոխանցեցին նաև, որ այսօր պետք է հանդիպեն «Երկիր Ծիրանի» և ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչներին:

Հիշեցնենք, որ վաճառականներն օրերս եղել են նաև ՀՀԿ գրասենյակում: Հավելենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ փողոցային առևտուրը վերացնելու մասին հայտարարությունից հետո տասնյակ վաճառականներ անգործ են մնացել և պահանջում են իրենց տաղավարներ տրամադրել ոչ թե ծայրամասերում, այլ քաղաքի կենտրոնական հատվածներում: