Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է «Սասնա ծռեր» խմբի 18 անդամի գործով արտագնա դատական նիստը:
Պաշտպանները կրկին բարձրաձայնեցին գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ անվստահության հարցը, քանի որ 18 ամբաստանյալներից ընդամենը 3-ն են ներկա դատական նիստին. «Մի դատավոր, որը թույլ է տալիս նման կոպիտ խախտումներ, իրավունք չունի դատական գործ վարելու և իրավունք չունի դատավոր լինելու»,- ասացին նրանք՝ ընդգծելով, որ դատավորի գործողությունները հակասում են դատավարությանը:
Փաստաբան Գրիշա Բալասանյանն էլ նկատեց. «Հուսով ենք, սա ձեր նախագահությամբ վերջին դատական նիստն է»:
Պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդություն ներկայացրեց հեռացված ամբաստանյալներին դատարան ներկայացնելու վերաբերյալ, սակայն դատավորը թույլ չտվեց, ապա փաստաբանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատարանին:
Գործով պաշտպան Ինեսա Պետրոսյանն էլ նշեց, որ սխալ է քննարկել դատավորի նկատմամբ ինքնաբացարկի միջնորդությունը, քանի որ պաշտպաններից շատերը նիստին ներկա չեն: Սակայն գործով դատավոր Ա.Գաբրիելյանն ասաց, որ անհնար է ամեն անգամ դատական նիստը հետաձգել որևէ պաշտպանի բացակայության պատճառով՝ նշելով, որ նրանց բացակայության ժամանակ տեղի ունեցածը նորից կներկայացվի դատարանի կողմից:
Պաշտպաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը հայտարարեցին, որ առանց իրենց պաշտպանյալների չեն կարող մասնակցել նիստին և լքեցին նիստերի դահլիճը, նրանց միացան նաև մյուս փաստաբանները:
Դատարանը երկու ժամով հեռացավ խորհրդակցական սենյակ:
Հիշեցնենք, որ այս դատավարությունով անցնում են «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Պավել Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը, Արթուր Մելքոնյանը, Գևորգ Իրիցյանը, Տիգրան Սարգսյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Արթուր Սողոմոնյանը, Գառնիկ Հովակիմյանը, Հովհաննես Վարդանյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Թորոս Թորոսյանը, Մանվել Աթոյանը և Վարդգես Գևորգյանը: