Այս օրերին լուսանկարահանող, պատճենահանող և նմանատիպ այլ գործողություններ կատարող փոքր ընկերությունները, ովքեր իրենց գործունեությունը ծավալում են  ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության և տարածքային ստորաբաժանումների շրջակայքում բողոքում են  «Հուռնետ» ՍՊԸ-ի հնարավոր գործունեության դեմ: Բանն այն է, որ այս ՍՊԸ-ն ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության և տարածքային ստորաբաժանումներում տեղադրել է լուսանկարահանող, պատճենահանող և նմանատիպ այլ գործողություններ կատարող սարքավորումներ և ավելի մատչելի ծառայություններ է մատուցում՝ այդ կերպ փակման հասցնելով փոքր բիզնեսին (կարդացեք նաև՝  «Վերևներից ինչ ասվում ա, մենք անում ենք»․ անհատ ձեռներեցները բողոքում են, ոստիկանությունը՝ պարզաբանում):

Տարբեր խոսակցություններ են շրջանառվում, թե ում է պատկանում այս ընկերությունը, որը փորձում է տեղակայել համապատասխան սարքավորումները՝ առանց նախապես մրցույթ հայտարարելու:

Խոսվում է այն մասին, որ «Հուռնետ» ընկերությունը պատկանում է Անձնագրային և վիզաների վարչության Արմավիրի անձնագրային բաժանմունքի պետ Արա Ավանեսյանի դստերը՝ Արմինե Ավանեսյանին, ով հանդիսանում է 100 % բաժնեմասի սեփականատերը, կա նաև մեկ այլ պնդում, թե ընկերության որոշակի բաժնեմաս ունի  Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում Բիչախյանը պնդեց, թե այդ տեղեկությունը բացարձակ սուտ է. «Թույլ չեմ տա իմ անունը սևացնել։ Եթե որևիցե մեկը կարողանա ինչ-որ ձևով ապացուցել, ապա ես՝ որպես սպա, իմ պատվով Աստծո ու իմ երկրի ղեկավարության առաջ երեք վայրկյան չեմ աշխատի, ազատմանս դիմումը կգրեմ»,- ասաց նա:

Իսկ ինչ վերաբերում է Ավանեսյանին՝ մեզ չհաջողվեց նրա հետ կապ հաստատել, սակայն նշվում է, որ վերջինս մշտապես ամուր հենարան է ունեցել, մասնավորապես, իր գործերը նախկինում կարգավորվել է անմիջապես Սերժի Վաչոյի՝ Վաչագան Ղազարյանի միջամտությամբ, ինչն էլ հնարավորություն է ընձեռել Ավանեսյանին՝ կուտակել ահռելի հարստություն:

Մեզ հետ զրույցում Մնացական Բիչախչյանը նշեց, որ անձնագրային և վիզաների վարչության տարածքում տեղադրված լուսանկարահանող, պատճենահանող և նմանատիպ այլ գործողություններ կատարող սարքավորումները տեղադրված են եղել ընդամենը 5 կետում և անջատվել են, քանի որ առաջիկայում օրենքով սահմանված կարգով կհայտարարվի մրցույթ, և մրցույթի հաղթողները կիրականացնեն այդ գործունեությունը։

«Տեղադրված էին մասնավոր ընկերության՝ «Հուռնետ» ՍՊԸ-ի սարքավորումները: Ծառայության որակը բարձրացնելու, ինչպես նաև անհարկի շահարկումներից խուսափելու նպատակով,  թե ոստիկանությունը քաղաքացիներին ուղղորդում է դրսում գտնվող պատճենահանման և լուսանկարահանման մեկ կետ, մեկ ուրիշն ուղարկում է այլ կետ՝ այս ամենից հետո որոշվեց թույլատրել ժամանակավոր, փորձարարական նպատակով տեղադրել սարքավորում, տեսնել՝ արդյունքը ինչ կլինի։ Գնային տարբերություն կար. «Օրինակ, եթե դրսում 4 նկարի համար գանձում էին 1000 դրամ, այդ սարքավորումները 500 դրամի դիմաց տպում էին 8 լուսանկար: Սա, սակայն, փորձնական էր, այդ պատճառով անջատված է»,- պարզաբանեց Բիչախչյանը:

Լուսանկարը՝ Hetq.am

Սոնա Հարությունյան