Անհասկանալի որակի ջրերը առվակով հոսում և լցվում Շնող գետի վտակ Մանստև գետակի մեջ։Այս մասին ահազանգում է «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը, որը նաև տեսանյութեր է հրապարակել: 

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ՀԲՃ քաղաքացիական նախաձեռնության անդամ Գևորգ Վարդանյանը պատմեց, որ տեսանյութերը նկարել է փետրվարի 7-ին՝ Թեղուտի հանքի մոտ. «Տարածքում քայլելիս նկատեցինք, որ անհայտ բաղադրությամբ հեղուկ է հոսում և լցվում Շնող գետի Մանստև վտակի մեջ։ Պարզ երևում է, որ աղտոտված ջուր է և գալիս է Թեղուտի հանքավայրի տարածքից: Թե ինչ վնաս կարող է հասցվել՝ ոչինչ ասել չենք կարող, քանի որ դեռևս չգիտենք՝ ինչ հեղուկ է: Տեսչական մարմի հետազոտությունից հետո պարզ կլինի՝ ինչ է և ինչ վնասներ կարող է հասցնել»,- ասաց ՀԲՃ քաղաքացիական նախաձեռնության անդամը:

Նա նշեց՝ պետական համապատասխան մարմիններին խնդրում են զբաղվել խնրրով և պարզել, թե ինչ է դա (կորդինատները՝ 41°06'03"N 44°51'37"E).  «Իմ տեղեկություններով՝ երեկ տեսչական մարմինը եղել է տեղանքում, բայց արդյունքների մասին հստակ ինֆորմացիա դեռևս չունեմ: Կոնկրետ ինձ առաջին անգամ էր հանդիպում երևույթը: Ըստ մասնագետների նախնական վարկածի՝ կարող է լինել հանքի թափոններից, որը վնասակար է և՛ տարածքին, և՛ Դեբեդ գետին, եթե թափվի այնտեղ»,- ասաց նա՝ նշելով, որ ակնկալում են պատկան մարմինների ուշադրությունը խնդրին:

Սոնա Հարությունյան