Հայաստանում ծխելու դեմ ռազմավարությունը նոր չէ․ այն օրակարգում էր դեռևս հեղափոխությունից առաջ և թե՛ այն ժամանակ, և թե՛ հիմա այն առաջացրել է բողոքի ու վրդովմունքի ալիք։ Խոսքը, մասնավորապես, վերաբերվում է սոցցանցային հարթակի քննարկումներին, որտեղից էլ պարզ է դառնում հասարակության մի ստվար զանգվածի բացասական վերաբերմունքը տվյալ օրենքի նախագծի վերաբերյալ։

Նոր կառավարությունը «Անծուխ Հայաստան» կարգախոսով պայքարում է ծխելու դեմ այնպիսի մի երկրում, որը ծխողների թվով աշխարհում առաջատարներից է:

Սա նշանակում է, որ հասարակությունն առնվազն միանշանակ չի ընդունի սահմանափակումները՝ փակ տարածքներում, հասարակական վայրերում  ծխելն արգելելու հետ կապված:

Ծխելու դեմ պայքարի ռազմավարության մեջ ներառված է նաև համաշխարհային փորձն, ինչպիսին է ծխախոտի գների բարձրացումը։ 

 ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Սպառողների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը կարծիք հայտնեց, որ ծխախոտի գները բարձրացնելով, պարզապես ցանկանում են մարդու գրպանը մտնել և առաջին հերթին օրվա ապրուստի միջոցից զրկել։

«Այն, որ ծխախոտը  չարիք է և դրա դեմ պետք է պայքարել, չի քննարկվում։ Բայց ինչպե՞ս ենք պայքարում։ Եթե գինը բարձացնում  կամ տուգանում են, դա նշանակում է, որ իր երեխային են սոված թողնում, քանի որ դա արդյունք չի տալու։ Մարդիկ  կշարունակեն գնել ծխախոտը, անգամ եթե թանկանա մի քանի անգամ․ համաշխարհային փորձը դա է ցույց է տվել վաղուց»,- ասաց Պողոսյանը։

Վերջինս փակ տարածություներում ծխելու արգելքին անդրադառնալով, նկատեց, որ դրանով ծխողների նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսևորվում.

«Պետք է անկյուն ստեղծել ծխողների համար, ոչ թե պատժել։ Եթե սրճարանում 10-ից ավելի սեղան է, ուրեմն կա հնարավորություն նաև չծխողների համար անկյուն ստեղծելու։ Ոչ թե պատժելով ու խստությամբ, այլ օպտիմալ ձևով է պետք։ Պատժելը ձև չէ։ Նրանք էլ են մարդ․ նրանց մեկուսացրու, բայց մի պատժիր, կամ այնքանով տուգանիր, որ իր ընտանեկան բյուջեի հետ լինի համահունչ։ Ես երկու կողմի շահերն եմ պաշտպանում, մեր նպատակը ծխելու դեմ պայքարելն է։ Այս խնդիրը նոր չէ, սակայն դեռևս հասարակական կառույցների կողմից չեմ տեսել համալիր մոտեցում»,- ընդգծեց ՀԿ նախագահը։

Նրա կարծիքով՝ քանի դեռ օպտիմալ ձև ընտրված չէ, ծխելու դեմ պայքարի այս ռազմավարությունը չի հաջողի։

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն էլ մեզ հետ զրույցում նկատեց, որ բոլոր զարգացած երկրներում ընդունված է՝ բյուջեն մուտքերով ապահովելու համար որոշ ապրանքատեսակների, մասնավորապես՝ ալկոհոլի և ծխախոտի համար կիրառել այն թանկացնելու մոտեցումը․ «Տվյալ ապրանքատեսակը մեծագույն անհրաժեշտություն չհամարելու կտրվածքով կարող է պետությունը  դրանց վրա ավելի բարձր գներ սահմանել։ Ամեն դեպքում, դրա դրական հետևանքներն ավելի շատ են, քան բացասականը»։

Խնդիրն այս դեպքում բազմաշերտ է․ քանի որ թանկացումն առաջին հերթին վերաբերվում է տեղական արտադրության ծխախոտին, այստեղ արտասահմանյան ծխախոտի ներկրողների համար ստեղծվում է լայն հնարավորություն, որն էլ կարող է տեղական արտադրության համար դառնալ խոչընդոտ, թեպետ ըստ տնտեսագետի՝ չի բացառվում, որ ներմուծվողը ևս կթանկանա․ «Հնարավոր է՝ առաջանա խնդիր, որ ներմուծվող ծխախոտն ավելի շատ լինի։ Համակողմանիորեն այդ երևույթը պետք է կարգավորվի, ստացվի այնպես, որ թանկացման պարագայում մեզ մոտ արտադրվածն ավելի մրցունակ չլինի դրսից ներկրվողի հետ»։

Ամփոփելով՝ պետք է նշենք, որ ծխախոտի դեմ պայքարի ռազմավարություն մշակելիս պետք է հաշվի նստել ծխող մարդկանց կարծիքի հետ, արգելելուց առաջ փորձել գտնել դրա սոցիալ հոգեբանական պատճառները և փորձել հնարավորինս չվնասել մարդու ընտրության իրավունքը։

Արմինե ԱՐՄԵՆԱԿՅԱՆ