«Տավուշն առանց հանքի» նախաձեռնություն խումբը հայտարարություն է արել.

 Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ «ԷՅ ՅՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն Տավուշի մարզի Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տեղամասերում երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարելու հայտ է ներկայացրել, և փետրվարի 27-ին համայնքում նախատեսված են հանրային լսումներ։

Մենք՝ «Տավուշն առանց հանքի» նախաձեռնության անդամներս, հաշվի առնելով Հայաստանում մետաղական հանքերի շահագործման և դրանց քայքայիչ ազդեցության դառը փորձը, հաշվի առնելով մեր մարզի՝ որպես բացառիկ մաքուր էկոլոգիական միջավայր ունեցող մարզի մասին պատկերացումները, հայտարարում ենք, որ․

– անընդունելի ենք համարում Տավուշի մարզի որևէ համայնքում մետաղական հանքի շահագործումը,
– Տավուշի զարգացումը տեսնում ենք միայն առողջ բնական միջավայրում՝ մարզում առկա էկոտուրիզմի, օրգանական գյուղատնտեսության և թեթև արդյունաբերության ներուժի կիրառման ճանապարհով։

Կոչ ենք անում հատկապես Վազաշենի և հարակից համայնքների բնակիչներին, ինչպես նաև մեր մարզում հանքարդյունահանման հեռանկարը բացառող բոլոր քաղաքացիներին՝ ամեն գնով խոչընդոտել փետրվարի 27-ին Վազաշեն համայնքում հանրային լսումներ կայանալուն՝ այսպիսով բացառելով Տավուշի տարածքում մետաղական հանքի շահագործումը։

Կոչ ենք ուղղում նաև խնդրով մտահոգ բոլոր անհատներին և կազմակերպություններին՝ միավորելու մեր ուժերը՝ Վազաշեն համայնքում հանքարդյունաբերությանն այլընտարանքներ գտնելու և դրանց իրականացման հարցում բնակիչներին օժանդակելու։

Մեկ անգամ ևս հարկ ենք համարում ընդգծել, որ Տավուշի զարգացման հեռանկարներն ու մարզում հանքարդյունաբերությունն անհամատեղելի են․ մեր մարզում հանք չի՛ լինելու։