Ադրբեջանական մամուլն այս օրերին Խոջալուի դեպքերը  ներկայացնում է այնպես, որ հայերի կողմից ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանություն է տեղի ունեցել:

Նշենք, որ երեկ ադրբեջանական ԶԼՄ-երում լուր էր տարածվել, թե իբր Փարիզում մի խումբ հայեր փորձել են խոչընդոտել Խոջալուի զոհերի հիշատակին նվիրված հիշատակի արարողությանը՝ ներխուժելով եկեղեցի:

Միջոցառումը կազմակերպել էր Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանությունը:

Պետք է նշենք, որ այս մասին միայն գրել են ադրբեջանական կայքերը, և չեն անդրադարձել ո՛չ Ֆրանսիայի ԶԼՄ-ները, ոչ էլ միջազգային մամուլը: 

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ռուսական «Россия-24» հեռուստատեսությունը ևս ռեպորտաժ է պատրաստել, որում անդրադարձել է Ադրբեջանում «Խոջալուի դեպքերի» 27-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառումներին:

Ռեպորտաժում  հարցազրույցներ կան ինչպես Իլհամ Ալիևի, այնպես էլ այդ դեպքերի զոհերի հարազատների ու Ադրբեջանի կրոնական առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ։ 

«Այդ ողբերգության ժամանակ զոհվել ու տուժել են անմեղ մարդիկ՝ ծերեր, երեխաներ, կանայք: Ադրբեջանի ժողովուրդը երբեք չի մոռանա այդ ողբերգությունը: Պետք է պայքարենք, որ նման ողբերգություններ այլևս պատմության մեջ չլինեն»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: 

Իսկ ահա Փաշազադեն ասել է. «Ադրբեջանում կա 40 հազար հայ, և իրենք ի նշան տոլեռանդության՝ վերանորոգել են Բաքվի հայկական եկեղեցին ու գրադարանը և վերջին անգամ, երբ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն այցելել է Բաքու՝ միջկրոնական համաժողովին մասնակցելու համար, իրենք ցույց են տվել նրան այդ եկեղեցին»:

 Այս ռեպորտաժի հետ կապված՝ քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

 «Իրականում ռուսական լրատվամիջոցները միշտ են այս կամ այն կերպ անդրադարձել թեմային, սակայն միշտ եղել է որոշակի բալանս կամ գոնե բալանսի իմիտացիա` նույն Սումգայիթով կամ հայկական կողմի տեսակետներով։ Եղել է, քանի որ ենթադրաբար, այդ ուղությամբ հայկական կողմը աշխատել է թե´ համապատասխան միջոցառումների կազմակերպմամբ, թե´ նյութերի արտադրությամբ, թարգմանությամբ ու տիրաժավորմամբ, թե´ արտերկրյա ԶԼՄ-ների հետ աշխատանքով։

Այժմ տպավորոթյուն է, որ երկրի հակաքարոզչական ճակատը, որը երբեմնի երկրի շահերի պաշտպանության առաջնահերթ գործիքակազմն էր, տոտալ բարձիթողի վիճակում է։ Իհարկե, կարելի է կրկին մեղքը գցել չար ու սեւ ուժերի վրա ու հպարտ դեմքով դմփ-դմփ-հու անել։ Բայց ռուսի ասած, блин արա, ինչքան։

Ժամանակակից պարտությունները սկսվում են քարոզչական ու տեղեկատվական տիրույթներում։ Ու սա լուրջ ահազանգ է և վիճակի ցուցանիշ: Շատ լուրջ...»: