Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը, Tert.am–ի հետ զրույցում անդրադառնալով հետընտրական գործընթացների շրջանակներում հնարավոր քաղաքացիական անհնազանդության տարբերակին, որը երեկ տեսական հարթությունում քննարկվում էր Ազատության հրապարակում՝ Քաղաքացիական բաց խորհրդի կողմից, ասաց, որ օրենքները նրա համար են, որ կատարվեն, իսկ եթե նրանք չեն կատարվում, դա արդեն հանցագործություն է:

«Օրենքները գրվում են նրա համար, որ կատարվեն, որոնք, ի միջի այլոց գրում է ժողովուրդը՝ օրենսդիր մարմնում իր ներկայացուցիչների միջոցով: Եվ օրենքներին չենթարկվելը հանցագործություն է, և պետությունն էլ էդ հանցագործներին պետք է վերաբերվի այնպես, ինչպես մյուս հանցագործներին»,- ավելացրեց նա:

Ինչ վերաբերում է քաղաքացիական անհնազանդություն հայտարարելու դրդապատճառին, ապա սա, որպես կանոն, պայմանավորվում է, որ ժողովրդի կամքը չի կատարվում իր ընտրած իշխանությունների միջոցով, և այս եղանակով ժողովուրդը արձագանքում է, իր կամքը կատարում է ուղիղ, ոչ թե միջնորդավորված:

Ըստ Մանվել Բադեյանի՝ դա իրենց մեկնաբանությունն է և անապացույց կարծիքը: «Որ ժողովրդի կամքով չի ընտրված այսօրվա նախագահը, ընդամենը իրենց ցանկությունն է, որը ուզում են փաթաթել ժողովրդի վզին: Բայց կարող է, երբեմն, կարծիք էլ լինի, նրանք ազնվորեն մոլորվեն: Օրինակ՝ ես մի դեպքի եմ ականատես եղել, երբ Անդրիաս Ղուկասյանին ձայն տված մեկը չէր կարողանում հավատալ, որ Անդրիաս Ղուկասյանը չի ընտրվել: Ասում էր՝ «կեղծել եք, դրա համար նա չի»։ Դե հիմա էդ մարդը ազնիվ մոլորության մեջ է, բայց դա չի նշանակում, որ պետք է անհնազանդություն դրսևորի հասարակության մյուս անդամների նկատմամբ»,– ասաց նա:

Ինչ վերաբերում է, թե պայքարի նման եղանակն ինչպես կարող է ազդել տնտեսության վրա, կարո՞ղ է ցնցումների մեջ գցել այն, Մանվել Բադեյանն առաջարկեց այս մասին հարցնել «ցնցողներին»:

«Պետությունը, իշխանությունը միշտ օբյեկտիվորեն մղված է նրան, որ երկիրը զարգանա առանց ցնցումների: Ոչ մի իշխանություն չի ուզի, որ երկրում ցնցում լինի և կանի ամեն ինչ, որ չլինի: Նաև մարդկանց բացատրելով, որ շատ հաճախ տարբեր-տարբեր քաղաքական և ոչ քաղաքական ուժեր իրենց օգտագործում են որպես գործիք ճղճիմ խաղերում»,- ասաց հանրապետական պատգամավորը:

Հիշեցնենք, որ վերջինս երեկ, երբ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը, ԱԺ–ում վարման կարգով ելույթի իրավունք խնդրեց և հրապարակեց Րաֆֆի Հովհաննիսյանին Սերժ Սարգսյանի ուղղված ենթադրյալ նամակը, բարկացած դիմեց Հովիկ Աբրահամյանին՝ առաջարկելով օգտագործել իր լիազորությունները և Զարուհուն դուրս հանել դահլիճից։ Ավելին՝ նա հայտարարեց, որ կամ ինքը կմնա դահլիճում, կամ Զարուհի Փոստանջյանը:

Մանվել Բադեյանից հետաքրքրվեցինք, թե ինչն էր դարձել նրա բարկության պատճառը, արդյոք նամակի բովանդակությո՞ւնը: Պատգամավորն ասաց, որ իրեն բարկացրել էր «Զարուհու պահելաձևը», երբ երեկ խանգարում էր «ԱԺ կանոնակարգ օրենքը» և խանգարում ԱԺ բնականոն աշխատանքին:

«Ինչ վերաբերում է նամակի բովանդակությանը , հորինե՞լ է նամակը, ես գիտեմ, որ իրա ամեն ինչն ա հորինած , դրա համար սկի բովանդակությունը հետքրքիր էլ չէր»,-ասաց Մանվել Բադեյանը: