Դեռևս 2018 թվականի նոյեմբերին ՀՀ Ֆինանսների նախարարությունը օրենքի նախագիծ էր մշակել, ըստ որի՝ պատրաստվում է թանկացնել բոլոր տեսակի գազավորված ըմպելիքների (բացառությամբ հանքային ջրերի) ակցիզային հարկը: Այս օրենքի նախագծի ընդունումով՝ տեղական գազավորված ըմպելիքներ արտադրողները կանգնում են փակվելու խնդրի առջև, քանի որ իրենց արտադրանքը՝ գների բարձրացման զուգահեռ, պարզապես չի սպառվի։

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Հայ Կոլա» գործարանի տնօրեն Տիգրան Հովսեփյանը նկատեց, որ հարցը դրվել է քննարկման գիրության դեմ պայքարի շրջանակներում, ըստ որի՝ այն արտադրանքները՝ գինի, գազավորված ըմպելիք, հյութեր, կոմպոտներ, որոնց մեջ100 գրամում հինգ և ավելի տոկոս շաքար կպարունակվի՝ ակցիզային հարկով կհարկվեն․ «Ցանկում ներառված բոլոր ըմպելիքները ցանկից դուրս են եկել և մնացել են միայն գազավորված ըմպելիքները։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշել են ընդհանրապես շաքար անունը հանել նախագծից և կիրառել բոլոր գազավորված ըմպելիքների վրա՝ բացառությամբ հանքային ջրերի։ Բայց, եթե գիրության վտանգը գազի մեջ է, թող կիրառվի բոլոր գազավորված ըմպելիքների վրա»,- ասաց Հովսեփյանը։

«Հայ Կոլա» գործարանի տնօրենի կարծիքով գազավորված ըմպելիքներ արտադրողների շուկայից դուրս մնալն առաջին հերթին վնասում է պետությանը, քանի որ բացի 100 և ավելի աշխատակիցների անգործ մնալուց, նաև պետությանը չի վճարվի հարկեր, մաքսատուրքեր, եկամտահարկ։

 

«22 տարեկան կազմակերպությունը, որը եղել է այս շուկայում առաջատար, որը ստեղծվել է Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք, անցել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանությունը, հասնում է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը՝ փակվում։ Ինչի՞ համար է փակվում, որովհետև Ատոմ Ջանջուղազյանը և Մհեր Գրիգորյանը սխալ որոշում են ընդունել։ Սա սաբոտաժ է Նիկոլ Փաշինյանի հանդեպ, հատուկ են անում, որ նրան մեղադրեն, սակայն մեղավորն այս հարցում Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն է»,- ընդգծեց Հովսեփյանը։

Վերջինս նաև հայտնեց, որ հարցը փորձել են քննարկել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, սակայն հանդիպմանը քննարկման փոխարեն փոխվարչապետը պարզապես տեղեկացրել է սպասվող փոփոխությունների մասին։ «Հունվարի 20-ից երեք խոշոր ընկերությունններով՝ «Հայ Կոլա», «Կոկա Կոլա», «Պեպսի Կոլա», դիմել ենք  փոխվարչապետին, սակայն մեզ ընդունել են մեկ ամիս անց՝ փետրվարի 25-ին։ Իսկ հանդիպման նպատակը ոչ թե քննարկումն էր, այլ մեզ անականկալ անելը և տեղեկացնելը փոփոխությունների մասին։ Սա բերելու է հետևանքի, որ միջազգային բրենդերը՝ «Կոկա Կոլա», «Պեպսի Կոլա», որոնք ունեն մեծ ֆինանսական ռեսուրսներ և կարող են այս ծանր ժամանակաշրջանն անցկացնել՝ կմնան, իսկ տեղական արտադրողները՝ կվերանան։ Շուկան կմոնոպոլիզացվի»։

Հարցին՝ արդյոք նկատում է միտում՝ որևէ մեկի կողմից բիզնես շահ հետապնդելու, Հովսեփյանը պատասխանեց․

«Ես այդպիսի տեղեկություն չունեմ, որ որևէ մեկի բիզնես շահն է այստեղ հետապնդվում, սակայն այս ամենից միտք է ծագում, որ այն մարդիկ, որոնք կազմակերպել են այս դավադրությունը՝ ինչ-որ մի բիզնես շահ սպասարկելու գծի վրա են»։

Արմինե ԱՐՄԵՆԱԿՅԱՆ