Հայկաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է հանդիպումների շարք Ազգային ժողովի խմբակցությունների հետ:

Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հանրապետության նախագահը մարտի 25-ին  հանդիպել է իշխող քաղաքական ուժի՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի հետ։

Նախագահ Սարգսյանը նշել է, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովին բավականին ակտիվ և ծավալուն աշխատանք է վերապահված ինչպես օրինաստեղծ ոլորտում, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում:

Լիլիթ Մակունցը ներկայացրել է խմբակցության գործունեության առաջնահերթ ուղղությունները, ինչպես նաև ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում վերջերս Գերմանիա կատարած պաշտոնական այցի մանրամասներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները:

Հանրապետության նախագահը և պատգամավորներն անդրադարձել են Ազգային ժողովի աշխատանքներին, միջազգային հարթակներում նրա գործունեությանը, միջխորհրդարանական կապերին, ինչպես նաև գիտությանն ու կրթությանը վերաբերող հարցերին:

Կարևորվել է օրենսդիր մարմնի և իշխանության մյուս թևերի ներդաշնակ փոխգործակցությունը:

Նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում համագործակցել խորհրդարանի հետ և օժանդակել նրա գործունեությանը: