ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից հեռուստահաղորդավար Համլետ Ղուշչյանի՝ իրեն առևանգելու հայտարարության հիման վրա ոստիկանությունում հարուցված քրեական գործը տեղափոխվել է Քննչական կոմիտե։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com—ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝ նշելով, որ կատարվում է նախաքննության։

Նշենք, որ ոստիկանությունում գործը հարուցվել է 29. 03. 2019 թ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-131 հոդվածով, այն է՝ մարդու առևանգումը կազմակերպելը։

ԼՈւՐԵՐ․com-ի տեղեկություններով՝ հաղորդման ժամանակ հեռուստադիտողներից մեկը զանգահարել և ուղիղ եթերում հայտարարել է՝  «Լֆիկի օղին եմ խմել, որից հետո ինքնազգացողությունս վատացել է»։ Դեպքից հետո Ալեքսանյանը առևանգել է Ղուշչյանին՝ այն պատճառով, թե ինչու է թույլ տվել, որ եթերում տան «Լուսաստղ» օղու անունը։

Հիշեցնենք, որ Համլետ Ղուշչյանը Hraparak.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ Աժ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը առևանգել է իրեն և ատրճանակը պահել ճակատին. «Ինչ ծեծ․․․ էդ տականքն ով է, որ ծեծի, ուղղակի ինձ գողացել, առևանգել, տարել են գիշերով և ատրճանակը գլխիս դրել են ու ասել են՝ կասես էն, ինչ քեզ կասենք։ Ես էդ բոլորի միջով անցել եմ, ես մահվան աչքերին եմ նայել, ասել եմ՝ կրակի, արա, որ բերել ես՝ կրակի, որովհետև հետո Աստված քեզ պատժելու է, եթե ոչ մեկն էլ չպատժի»,- նշել էր Ղուշչյանը:

Նշենք, որ մարտի 4-ին ՀՀ դատախազությունը հայտարարություն էր տարածել, որ Համլետ Ղուշչյանի հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներն ուղարկել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն՝ դրանցում ներկայացված հանգամանքները ստուգելու հանձնարարությամբ։