Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր քննարկվել են ընտանիքների ապահովության գնահատման համակարգի բարեփոխմանը վերաբերող հարցեր: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

Նախ ներկայացվել է ամփոփ վերլուծություն՝ 1994 թվականից ներդրված Ընտանիքի ապահովության գնահատման գործող համակարգի (Փարոս) պայմաններում առկա իրավիճակի, գնահատման սկզբունքների, աջակցության տեսակների եւ համակարգի թերությունների վերաբերյալ: Որպես այդպիսիք՝ նշվել են տարիներ շարունակ համակարգում նույն ընտանիքների ընդգրկվածությունը, մարդկային գործոնով պայմանավորված սուբյեկտիվ չափանիշների առկայությունը, համակարգից դուրս գալու մոտիվացիայի բացակայությունը, սոցիալապես անապահով վիճակում գտնվող մարդկանց կողմից ոչ նախաձեռնողականությունը եւ այլն: Այնուհետեւ ներկայացվել է առաջարկվող նոր համակարգի նախնական տարբերակը, որը մշակվել է՝ հիմքում ունենալով աղքատության հետեւանքների վերացման, գնահատված կարիքի եւ աջակցության փաթեթի համապատասխանության, սուբյեկտիվ չափանիշների եւ մարդկային գործոնի էական նվազեցման, համակարգից դուրս գալու մոտիվացիոն համակարգի ներդրման եւ այլ նպատակներ:

Առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են մի շարք դիտարկումներ եւ առաջարկություններ:

Վարչապետը, ամփոփելով քննարկումը, նշել է, որ ընտանիքի ապահովության գնահատման գործող համակարգն ուղղված չէ աղքատության հաղթահարմանը, եւ կառավարության համար առաջնահերթություն է սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվող աջակցությունը դարձնել հնարավորինս հասցեական եւ նպատակային: Կառավարության ղեկավարն ընդգծել է՝ պետության կողմից տրամադրվող աջակցությունը պետք է շոշափելի ազդեցություն ունենա աղքատության հաղթահարման եւ ծայրահեղ աղքատության վերացման առումով, այսինքն՝ նոր համակարգը պետք է լինի աղքատությունից դուրս բերող եւ ոչ թե աղքատ մնալու համար հարմար պայմաններ ստեղծող: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել քննարկումներն աշխատանքային խմբի շրջանակում՝ բարեփոխման հայեցակարգի հիմքում դնելով հենց այս երկու նպատակը: