Այսօր, ԱԺ ճեպազրույցում, ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները, անդրադառնալով ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի թեկնածությանը, ասել էին, որ վերջինս մեկ տարի առաջ նշում էր, որ Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ չէ, եւ ստացվում է՝ ինքը ոչ լեգիտիմ նախագահի կողմից է առաջադրվել։
 
Այս առնչությամբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց, որ Վահե Գրիգորյանն ասել է իր տեսակետը, բայց Արմեն Սարգսյանը զբաղեցրել է նախագահի պաշտոնը, եւ այդ հարցը որևէ դատարանում բողոքարկված չէ․ «Նախագահն իր լիազորությունների շրջանակներում ներկայացրել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, և այստեղ իրավական տեսակետից ես որևէ խնդիր չեմ տեսնում»,-նշեց Քոչարյանը։
 
Այն հարցին, թե Վահե Գրիգորյանը իշխանության սիրելի թեկնածուն է, այդ պատճառո՞վ քաղաքական մեծամասնությունը մերժեց նախորդ թեկնածուներին և այս անգամ կընտրի Գրիգորյանի՞ն, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Վահե Գրիգորյանը բոլոր տուժողների սիրելի թեկնածուն է եղել իր ապրած կյանքով, իր գիտելիքներով, Մարտի մեկի տուժողների սիրելին է եղել, Բուզանդի փողոցի տուժողների սիրելին է եղել, դրա համար էլ նախկին իշխանությունները փորձել են մեկուսացնել իրեն։ Այս պահին որեւէ մեկը չի կարող կասկածի տակ դնել տվյալ թեկնածուի պրոֆեսիոնալ ունակությունները, բարոյական նկարագիրը, եւ, ընդհանրապես, իմ պատկերացմամբ, Վահե Գրիգորյանի տեսակը պետք է տնօրինի մեր իրավական համակարգը»: