Ադրբեջանցի լրագրողը հարցի երկրորդ մասում հարցրեց՝ «Ե՞րբ են հայկական զինված ուժերը դուրս գալու օկուպացված տարածքներից»: Բացի այդ, հետաքրքրվեց, թե ինչու՞ Հենրիխ Մխիթարյանը չմեկնեց Բաքու այն դեպքում, երբ անգամ իրենց նախարարը ուղիղ եթերում հայտարարել էր, որ վերջինիս համար անվտանգություն կապահովվի:

ՀՀ վարչապետը պատասխանը սկսեց հարցի վերջին մասից.

«Ես տեղյակ չեմ, որ պաշտոնապես նման հայտարարություն է արվել, ես համացանցում տեսել եմ այլ տեսանյութ՝ ինչպես են ադրբեջանցի ոստիկանները փորձում ձերբակալել երկրպագուներին, որոնք Մխիթարյանի շապիկն էին ընդամենը կրում: Պատկերացրեք, ինչպիսի ուշադրության կենտրոնում են ընդամենը երկրպագուները, որոնք կրում են Մխիթարյանի անունով շապիկ:

Կան դեպքեր եւ դրանք պատահական դեպքեր չեն, երբ օրինակ ՌԴ քաղաքացին՝ ծագումով հայ, ցանկանում էր այցելել Բաքու՝ գործով, սակայն թույլտվություն չստացավ: Վերջերս էլ դեպք եղավ, որ ռուսական լրատվամիջոցը Արցախ այցելելու համար ձեր երկրի կողմից սեւ ցուցակում հայտնվեց: Երբ լրագրողը այցելում է Ադրբեջան, այնուհետ Հայաստան, մեր երկրում նման խնդիր չկա օրինակ, մենք այդ մարդկանց թշնամի չենք հռչակում:

Հիմա ձեր նշած զոհի մասին: Իրականում ադրբեջանական կողմը հայտնել է սպայի, մայորի մահվան մասին: Մենք ստուգել ենք, այդ ստուգման արդյունքն ու տեղեկատվությունն անգամ ուղարկել ենք Մինսկի խմբի համնախագահներին, այդ օրը հայկական կողմից գոնե մեկ կրակոց չի եղել, մենք նույնիսկ հատուկ ստուգել ենք այդ օրը ծառայության եղած բոլոր զինվորների զենքերը, կրակոց չի եղել: ԼՂ իշխանություններն այս ամենը հաստատել են, որ կրակոց չի եղել: Չնայած սրան, հաջորդ օրը ԼՂՀ բանակի ծառայողներից մեկը սպանվել էր ադրբեջանցի դիպուկահարի կողմից: Կա տեսանյութ, որ ադրբեջանական կողմը վարժանքներ էլ էր իրականացնում հակամարտ զորքերի շփման գծում եւ կրակում:

Ճշմարտությունն այս է: Դուշանբեի հայտարարություններից հետո, ցավոք, առաջին զոհերն արդեն կան, ես հուսով եմ գոնե խաղաղության պահպանումը հետագայում հնարավոր կլինի կամ լարվածության թուլացումը: Իրականում թե ով ում կողմն առաջինը կրակեց քննարկելու փոխարեն պետք է հրադադարի խախտման հաճախականության եւ հենց խախտումների ուսումնասիրություններ արվեն, որպեսզի նման վեճեր չլինեն: Անհրաժեշտ է ստեղծել հետաքննության շատ հստակ մեխանիզմներ, որպեսզի նորմալ քննության առնվեն բոլոր կրակոցներն ու արդյունքում գրանցված զոհերը:

Հարցի մյուս մասի մասին.  Ձեր երկրում հաճախ են օգտագործում օկուպացված տարածքներ տերմինը, ինչպես դուք հիմա: Ինչպե՞ս կարելի է օկուպացնել տարածք, որտեղ այդ մարդկանց պապերը ծնվել են, նրանց ապուպապերն են ծնվել, ինչպե՞ս կարելի է օկուպացնել տարածք, որտեղ ապրել ես»,-ասաց ՀՀ վարչապետը: