«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ բժիշկ-նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը բաց նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

2018 թվականի հոկտեմբերի 29-ին մամլո ասուլիսի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ տառապում է պարբերական հիվանդությամբ և ամեն օր ընդունում է Կոլխիցին դեղամիջոցը։

Տես՝ 20-րդ րոպեից

2019 թվականի մայիսի 8-ին ուղիղ եթերով ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ ՀՀ ԱՆ մի շարք աշխատակիցների հետ համատեղ ստանում է «Գարդասիլ» պատվաստանյութ։

 

 

2019 թվականի հունիսի 14–ին (արյան դոնորների միջազգային օր) ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանձնեց դոնորական արյուն։ Ստորև ներկայացված տեսանյութում հստակ նշվում է, որ յուրաքանչյուր ոք արյուն հանձնելուց առաջ լրացնում է հարցաթերթիկ, որտեղ նշում է, որ չունի առողջական ոչ մի խնդիր։

Արյան դոնոր հանդիսանալու համար կան մի շարք հակացուցումներ։ Հակացուցում է հանդիսանում մի շարք հիվանդությունների առկայությունը, որոնց դեպքում արյունը պիտանի չէ փոխներարկման համար և/կամ կարող է դոնորի կյանքին ու առողջությանը վտանգ սպառնալ։

Պարտադիր հաշվի են առնվում նաև անձի կողմից ընդունվող դեղամիջոցները և պատվաստանյութերը։

Հաշվի առնելով վերոգրյալը` ես հարցում էի հղել պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվ. արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանելյանին` պարզելու համար, թե պարբերական հիվանդության առկայությունը, կոլխիցինի և Գարդասիլի կիրառումը արդյո՞ք չեն հանդիսանում հակացուցումներ` դոնորական արյուն հանձնելու համար։

2019թ-ի հունիսի 25-ին Արյունաբանական կենտրոնից ինձ պատասխանել են, որ «հարցերիս պատասխանը կարող են տրամադրել 30-օրյա ժամկետում».  մակագրությունը` տնօրեն Սամվել Դանելյանի (կցում եմ հարցումս և պատասխանը

Հավելեմ, որ մամուլում առկա տեղեկատվության համաձայն պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվ. արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանելյանը 2018 թ-ի դեկտեմբեր ամսին ստացել է 5.5 միլիոն դրամ աշխատավարձ։

Նշեմ, որ հեռախոսով փորձեցի ճշտել ստեղծված իրավիճակը պարոն Ս.Դանելյանից։ Իմ հարցադրմանն ի պատասխան վերջինս ՍՏԵՑ, որ ինձ ուղարկած պատասխանում կոնկրետ նշված են ժամկետներ` 1 ամիս և 3  ամիս։

Հարգելի՛ պարոն Փաշինյան, եթե արյունաբանական կենտրոնի ղեկավարը անգիր չգիտի, թե կոնկրետ որ հիվանդություններն են հանդիսանում դոնորության հակացուցում, թե որքան ժամանակ պետք է անցնի ցանկացած պատվաստումից հետո դոնորական արյուն հանձնելու համար և արդյո՞ք Կոլխիցինի ամենօրյա ընդունումը հանդիսանում է հակացուցում արյան դոնորության համար, իսկ պատասխան տրամադրելու համար խնդրում է 30 օր ժամանակ, ապա այդ անձը ոչ կոմպետենտ է և չունի նման կարևոր կենտրոն ղեկավարելու իրավունք։

Եթե Արսեն Թորոսյանն այնուամենայնիվ հանձնել է դոնորական արյուն, ապա սա նշանակում է, որ նա ստում է իր հիվանդության և ընդուած դեղամիջոցի մասով։

Հավելեմ, որ օրերս Արսեն Թորոսյանը դարձել է ԳԱՎԻ պատվաստումների գլոբալ դաշինքի կառավարման խորհրդի անդամ։ Այս փաստով մենք կարող էինք ուրախանալ, եթե այն չունենար նախապատմություն։ Իսկ նախապատմությունը փաստում է, որ Արսեն Թորոսյանը ջանք չխնայեց ԳԱՎԻ հիմնադրամի կողմից Հայաստանին տրամադրված մարդու պապիլոմավիրուսի և պոլիոմիելիտի դեմ պատվաստանյութերը գովազդելու և մինչև կիրառման ժամկետի ավարտը սպառելու համար։

Հաշվի առնելով վերոգրյալը` խնդրում եմ Ձեզ

 

  1. Աշխատանքից ազատել արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանելյանին` ոչ կոմպետենտ մասնագետ լինելու հիմքով, քանզի նրա գործունեությունը կարող է վտանգ սպառնալ մեր քաղաքացիների կյանքի ու առողջության համար։
  2. Պահանջել պարզաբանում հանրության համար, արդյո՞ք Արսեն Թորոսյանն իրոք ունի իր նշած հիվանդությունը, թե նա անթույլատրելի մանիպուլյացիայի միջոցներով խաբել է հանրությանը։
  3. Քանի-որ Արսեն Թորոսյանն ի վերջո ստացավ իր երազած պաշտոնը, խնդրում եմ հրահանգեք դադարեցնել մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստանյութի կիրառումը ցուցումներից դուրս, անհապաղ կանգնեցնել պարտադրանքն ու ճնշումները մեր հանրության վրա, չշարունակել պոլիոմիելիտի լրացուցիչ պատվաստումների անհիմն կիրառումը։

 Հ.Գ. Պարո՛ն Փաշինյան, ակնհայտ է ու մենք լավ ենք հասկանում, որ Արսեն Թորոսյանը Ձեզ չի ենթարկվում, նրա գործողությունները որոշվում և հրահանգվում են դրսից։ Բայց հորդորում եմ չմոռանալ, որ մեր երկրի անվտանգության երաշխավորն այսօր ի պաշտոնե Դուք եք հանդիսանում, և պետք չէ քողարկել այլոց կատարած հակապետական ու ապազգային ծրագրերը։