Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը այսօր լրագրողների հետ զրույցում հաստատեց տեղեկությունները, որ ինքը չի խառնվել Աբովյանի քաղաքապետի ընտրություններին, քանի որ այնտեղ առաջադրված թեկնածուն` Գրիգոր Գուլյանը, իր սրտով չի եղել։

Միքայելյանը դրական կարծիք հայտնեց Աբովյանի վերընտրված քաղաքապետ Վահագն Գևորգյանի հասցեին: Ասաց, որ նրան ճանաչում է 1995 թվականից, երբ աշխատում էր Ազգային ժողովում։ «Ես ասել եմ, որ պետք չի տանել ցնցումների։

Նա այն քաղաքապետերից մեկն է, որը բյուջեն կատարել է 104 տոկոսով, այսինքն՝ բյուջեն գերակատարել է։ Ես ոչ թե չեմ պաշտպանել, այլ չեմ խառնվել ու ՔՊ-ի թիկունքից էլ չեմ խփել», - հավելեց Միքայելյանը։

Ըստ նրա՝ եթե դասեր չքաղեն, Թավշյա հեղափոխությունը կդառնա «թավշյա հեռացում»: Միքայելյանի խոսքով՝ համակարգում նորմալ աշխատած մարդկանց պարտադիր չէ փոխել, եթե նա նախկինում նորմալ է աշխատել, քանի որ բոլորն էլ գիտեն, թե ինչ ճնշումների տակ են այն ժամանակ մարդիկ աշխատել: