Հասարակական մոնիթորինգի խմբի փլուզման մասին լուրն ապատեղեկատվություն է: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝ արձագանքելով լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, թե խումբը փլուզման եզրին է:

«Քննչական կոմիտեի առաջարկով ստեղծված հասարակական մոնիթորինգի խումբը, որի նպատակը զինվորական ծառայության ընթացքում արձանագրված զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումասիրելն է, շարունակում է իր բնականոն գործունեությունը: Հավաստիացնում եմ, որ խմբի փլուզման մասին տարածված տեղեկատվությունը հեռու է իրականությունից»,- ասաց Նաիրա Հարությունյանը:

Վերջինս տեղեկացրեց, որ Քննչական կոմիտեն առավել քան շահագրգռված է խմբի գործունեությունը պատշաճ կազմակերպելու գործում. «Այս փուլում խմբում ընդգրկված հասարակական կազմակերպությունները ծանոթանում են իրենց կողմից ուսումնասիրվող քրեական գործի նյութերին: Քննչական կոմիտեն պատշաճ կազմակերպում է այդ գործընթացը»,- ընդգծեց Հարությունյանը:

ՔԿ լրատվականի պետը ևս մեկ անգամ շեշտեց, որ խմբի փլուզման մասին լուրը բացարձակ ապատեղեկատվություն է: