Դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցման դեմ համախմբված շուրջ 50 փաստաբան իրենց պատրաստակամությունն են հայտնել՝ իրականացվող քրեական հետապնդման շրջանակներում ստանձնելու դատավորի պաշտպանությունը։ 

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում փաստաբան Հովհաննես Չամսարյանը, խոսելով դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ տեղի ունեցող իրադարձությունների մասին, նշեց, որ միացել է գործընկերների նախաձեռնությանը․ «Գնահատականս հիմնավորվեց հատկապես Գլխավոր դատախազության վերջին հայտարարությունից հետո։ Սա բացառապես հետապնդում և ճնշում է դատավորի նկատմամբ, որը բխում է իր մասնագիտական պարտականությունները կատարելուց։ Ինձ համար բացարձակ էական չէ, թե դատավորն ինչ և ում վերաբերյալ է որոշում կայացրել, էականն այն է, որ այսօրվա իշխանություններն անում են մի բան, որը չի արվել անգամ նախորդ իշխանությունների ժամանակ, որովհետև աշխատանքային գործունեության ժամանակ ինձ հայտնի չէ նմանատիպ ճնշում դատավորի նկատմամբ։ Մենք ականատես եղանք նրան, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքի մասով Դավիթ Գրիգորյանի կայացրած որոշումից անմիջապես հետո իր նկատմամբ հետապնդումներ սկսվեցին։ Շատերը կարող են չընդունել Ռոբերտ Քոչարյանի քաղաքական դիրքորոշումը, շատ փաստաբաններ կարող են տվյալ դատավորի մասնագիտական որոշումներին համամիտ չլինել, բայց փաստաբանների այս քայլը քաղաքական հայացքներ չունի, այն բացառապես արդարության և իրավական պետություն կառուցելու նպատակ է հետապնդում»,- ասաց Չամսարյանը՝ անդրադառնալով Գլխավոր դատախազության կողմից Դավիթ Գրիգորյանի գործով պարզաբանումների ու «հանցանքների» բացահայտումների շարքը ներկայացնելուն։

Փաստաբանը ևս այն կարծիքին է, որ Դավիթ Գրիգորյանի հետ կատարվող իրադարձությունները անմիջական կապ ունեն Ռոբերտ Քոչարյանի անձի և գործի հետ․ «Բա ինչո՞ւ մինչև Քոչարյանի դեպքը դատավորի նկատմամբ որևէ բան չէր իրականացվում, ինչո՞ւ ընտրվեց հենց այդ դատավորը։ Եթե անգամ պետության կողմից որոշվել է՝ բոլոր այն դատավորները, որոնք ժամանակին խախտումներ են արել պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, առնվազն չպետք է սկսեին այս դատավորից, որպեսզի որևէ մեկի մոտ տպավորություն չստեղծվեր, որ կապված է Քոչարյանի գործի հետ»,- ասաց նա։ 

Նրա խոսքով՝ դատավորի պաշտպանության շուրջ առաջինը պետք է համախմբվեին դատավորները՝ ի դեմս Բարձրագույն դատական խորհրդի: «Սակայն դատավորները երկչոտ կեցվածք ընդունեցին, ԲԴԽ-ն առավել վախկոտ կեցվածք ընդունեց, բացառապես մեկ-երկուսի, որևէ դատավոր չկանգնեց իր գործընկերոջ կողքին՝ լավ հասկանալով՝ նմանատիպ իրավիճակներից ապահովագրված չէ որևէ մեկը։ Ինչ վերաբերում է ԲԴԽ-ի որոշմանը, ապա այն ինձ առհասարակ չի զարմացնում՝ հաշվի առնելով այնտեղ տեղի ունեցող վերջին իրադարձությունները»,- եզրափակեց Հովհաննես Չամսարյանը։

Սոնա Հարությունյան