Փաշինյանի կաբինետի, թերևս, ամենասկանդալային նախարարն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է: Վերջինս այս պաշտոնում նշանակվելուց հետո բազմիցս հայտնվել է հանրային լուրջ ռեզոնանս առաջացրած սկանդալների կիզակետում: Հիշեցնենք՝ հենց Թորոսյանն էր, որի խնամի-բարեկամ-ծանոթ շղթան հաջողությամբ տեղավորվեց աշխատանքի նախարարությունում, այնուհետև նույն հաջողությամբ հեռացվեց՝ մի շարք աղմկոտ պատմությունների մեջ հայտնվելուց հետո: Նախարարությունում եղան կոռուպցիոն բացահայտումներ, և դա այն պարագայում, երբ Արսեն Թորոսյանը հավատացնում էր՝ կոռուպցիայի ոտքը նախարարության պատերից այն կողմ մտնել չի կարող:

Եղան լուրջ հակասություններ Իմ Քայլը խմբակցության պատգամավորների հետ, վերջիններս չէին էլ թաքցնում, որ ցանկանում են Թորոսյանի հրաժարականը: Եվ ի վերջո եղավ այն, ինչ պատահեց երեկ: Հանրության արձագանքը սեփական ասուլիսից թռնող նախարարի հանդեպ անշուշտ բացասական էր, ինչպես և բժշկական հանրության գնահատականը Արսեն Թորոսյան նախարարին: Եթե ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ճիշտ է, և նախարար Թորոսյանը իսկապես իրեն թույլ է տվել անել հայտնի արտահայտությունը՝ ապրիլյան պատերազմի մասնակից և հաշմանդամ դարձած զինվորների վերաբերյալ, ապա ցանկացած նորմալ երկրում նախարարը արդեն իսկ պետք է ազատված լիներ իր զբաղեցրած պաշտոնից:

Սակայն դրա փոխարեն, վերջինս ֆեյսբուքյան ուղիղ եթեր է կազմակերպում, ներկայացնում իր կատարողականը և շարունակում իր աշխատանքը: Իսկ սա մեկ բան է նշանակում՝ Փաշինյանը Թորոսյանին բազմիցս է ներել, ներեց նաև երեկ. իր կաբինետում վարչապետն ունի սահմանափակ թվով մարդկանց, ում վրա իրոք կարող է հույս դնել, ըստ էության՝ Թորոսյանը նրանցից մեկն է, և Փաշինյանը ևս մեկ անգամ էլ հասկացնում է, որ չի պատրաստվում զոհաբերել վերջինիս՝ չնայած այն բոլոր գլխացավանքների, որոնք Փաշինյանը կրում է Թորոսյանի քաղաքական կիքսերի պատճառով: