Զորացրված սպաների միության անդամ և Իրավունքի սահման ՍՊԸ-ի տնօրեն Գևորգ Հովհաննիսյանն այսօր ասուլիսի ընթացքում խոսել է սեպտեմբերի 18-ին Եղեգնաձորում տեղի ունեցած ՀՀ ՊՆ փոխգնդապետի և Վայոց Ձորի մարզպետի օգնականի միջև տեղի ունեցած վիճաբանության մասին:

Հովհաննիսյանի պնդմամբ՝ Վայոց Ձորի մարզպետն ու օգնականը պիտի կրեն պատասխանատվություն: Չպիտի կրկնվեն նախկին իշխանությունների օրոք տեղի ունեցած անօրինությունները, ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանության պատմությունը մեր օրերում անընդունելի պիտի լինի:

Վիճաբանության մանրամասներից խոսելիս ասաց. «Վստահ եմ՝ վիճաբանությունը նախնական պատմություն ունի: Արա Մխիթարյանը 27 տարի զինվորական ծառայության մեջ է եղել, նա հավասարակշիռ մարդ է, սպա, որ, եթե ուզեր, բռունցքի հարվածով երկու երեք հոգու կհասցներ այն վիճակին, որին անխղճորեն հասցրել են իրեն»:

Գևորգ Հովհաննիսյանն անընդհատ կապի մեջ է Արա Մխիթարյանի հոր հետ. «Արայի հայրը դատաստան կտեսնի, եթե որդուն մի բան լինի, ու իրավական համակարգը արդար որոշում չկայացնի մեղավորների հանդեպ, և ոչ ոք նրան մեղադրել չի կարող: Ուստի, խնդրում և պահանջում ենք պրն. Փաշինյանին՝ իր անմիջական հսկողության տակ վերցնել այս գործը»,- ասաց Գևորգ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ կոմայի մեջ գտնվող սպայի վիճակը ծանր է, դրական միտումներ բժիշկները չեն նկատում: Վայոց Ձորի մարզպետը արդեն հայտարարել է, որ դեպքով պայմանավորված հրաժարական կտա: