ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Մաշկաբանության և սեռավարակաբանական գիտաբժշկական կենտրոնը մասնավորեցման ցանկից հանելու վերաբերյալ օրենքի նախագիծը: «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց 77 կողմ, 4 դեմ և 22 ձեռնպահ ձայներով: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշել էր, որ իրենց խմբակցությունն այս նախագծին քվեարկելու է ազատ: Այս նախագիծը ուշագրավ է նրանով, որ քննարկումների ժամանակ ի ցույց դրեց այն հակասությունները, թևերի բաժանումը, որը այդքան փութաջանորեն փորձում էր հերքել վարչապետ Փաշինյանը: Բանն այն է, որ այս նախագիծը իմքայլական պատգամավոր Նարեկ Զեյնալյանն է առաջարկել, իր հերթին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բացասական եզրակացություն է տվել դրան: Պատճառը, իհարկե, հասկանալի է, հակասության հիմքում երկու կողմերի ցանկությունն է, ի վերջո, այս հաստատությունում տնօրեն նշանակել յուրայինի: Բացի այդ, սա Զեյնալյան-Թորոսյան առաջին հեռակա բախումը չէ, ըստ մամուլի հրապարակումների՝ Զեյնալյանը նախապես ցանկացել է զբաղեցնել Թորոսյանի պաշտոնը, սակայն ինչ-ինչ պատճառներով դա անել չի հաջողվել: Եվ այս ողջ ընթացքում Զեյնալյանը փորձում է Թորոսյանի հանդեպ փոքր ռևանշների հասնել:

Իհարկե, սա իմքայլականների միջև դրսևորվող միակ բաց կոնֆլիկտը չէ: Դրանք այնքան շատ են, որ Փաշինյանի հայտարարությունը, թե իշխող քաղաքական ուժի ներսում թևեր չկան՝ զավեշտի է նմանվում: Հանրության հիշողության մեջ դեռ թարմ է Ալեն Սիմոնյան-Հայկ Սարգսյան բուքմեյքերական մենամարտը, որն ավարտվեց Սիմոնյանը մինի հաղթանակով, չնայած պետք է նշել, որ Հայկ Սարգսյանը զենքերը դեռ վայր չի դրել: Չի մոռացվել նաև ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարի ընտրության շուրջ բարձրացված աղմուկը, որտեղ բախվել էին Հովհաննես Իգիթյանը և Ռուբեն Ռուբինյանը: Ստամբուլյան կոնվենցիան և Ամուլսարի թեման ևս անկյունաքարային դարձան՝ ներթիմային հակասությունների ընդգծման համատեքստում:

Հիշում ենք, թե ինչպես իմքայլականները «մեկուսացրին» Սոֆյա Հովսեփյանին, ով հանդգնել էր ընդհանուրի կարծիքին հակասող դիրքորոշում հայտնել: Դրան էլ պետք է գումարել «Իմ Քայլ»-ի քաղաքական և սորոսական թևի միջև անհաշտ պայքարը, որն առաջ է գալիս հատկապես այս կամ այն պաշտոնին կողմերից մեկի ցանկալի անձի նշանակման պարագայում: Հակասությունները ակնհայտ են նաև «Իմ Քայլ»-ի վերին էշելոններում, օրինակ ՝ Նիկոլ Փաշինյանի և ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հարաբերություններում վերջին շրջանում ծայր առած լարվածությունը արդեն իսկ թաքցնել հնարավոր չէ, այն արտահայտվում է կողմերի հանրային հայտարարություններում:

Այս ամենը վկայում է, որ «Իմ Քայլ»-ում տեղի են ունենում լուրջ տրանսֆորմացիոն գործընթացներ, թևերը, որոնք չնայած Փաշինյանի հավաստիացումների առկա են՝ էլ ավելի են լարվում միմյանց դեմ, վատթարանում են նաև միջանձնային հարաբերությունները, ինչն, անշուշտ, չի կարող իր ազդեցությունը չթողնել թիմային աշխատանքի որակի վրա: Վարչապետ Փաշինյանից մեծ քաղաքական կամք է պահանջվում վերոնշյալ հակասությունների մեջ չթաթախվելը և արբիտրի դերը ստանձնելուց հրաժարվելը: Վերջինս պետք է գործնական քայլեր կատարի «Իմ Քայլ»-ը ՀՀԿ-ականացումից փրկելու ուղղությամբ...