Ֆուչիկի 1/3 շենքի բնակիչները բողոքում են, քանի որ իրենց շենքի դիմաց սկսվել է շինարարություն։ Բնակիչների պնդմամբ՝ շինարարությունն իրականացվում է առանց հանրային լսումների և քաղաքաշինական նորմերը խախտելով։ Հարցի վերաբերյալ ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակիցը զրուցեց բնակիչներից Նինա Ղարիբյանի հետ։

«Մոտ 2 ամիս առաջ մեր շենքի դիմաց սկսվեցին շինարարական աշխատանքներ։ Սկսեցինք հետաքրքրվել, թե ինչ է լինելու, ինչ են նախապատրաստվում անել։ Պարզվեց, որ ինչ-որ հանրային լսումներ են եղել ու պատրասատվում են շենք կառուցել։ Մինչդեռ մեր շենքի բնակիչներից ոչ ոք տեղյակ չէր, թե ինչ է կատարվում։ Շինարարությունը հենց մեր շենքի դիմաց է՝ փակում է տեսարանը, արևը, փոշի է»,- նշեց Ղարիբյանը։

Ըստ Ղարիբյանի՝ այդ ամենից հետո իրենք դիմեցին քաղաքապետարան․ «Մեզ պատասխանեցին, որ հաշվի կառնեն մեր դիտողություններն ու հետո ոչ մի բան։ Ընդ որում մի քանի նամակ ուղարկեցինք, մինչև ստացանք այդ պատասխանը։ Այդ ընթացքում մտածում էինք, որ հարցը կկարգավորվի։ Այն էլ օրեր առաջ պարզվեց, որ հաստատել են շինարարության թույլտվությունը ու սկսվեց շինարարությունը։ Կառուցապատողը ԱԼԻԱՆՍ ՍՊԸ-ն է»։

Ղարիբյանի խոսքով՝ իրենք արդեն փաստաբան ունեն, պատրաստվում են դատարան դիմել։

 

«Մենք տարբեր հարցումներ ենք ուղարկել ու պատասխաններն ուշացած էին լինում։ Բայց փաստաթղթերը մեզ անհրաժեշտ էին հետագա գործընթացը սկսելու համար, ինչպես նաև պետք է հասկանայինք, թե ինչքանով է օրինական շինարարության թույլտվությունը։ Հիմա վերջին փաստաթղթին ենք սպասում, որպեսզի հասկանանք, թե ինչի հիման վրա են տվել շինարարության թույլտվությունը։ Այս ամենը պետք է, որպեսզի հասկանանք, թե ինչպես կարող ենք պայքարել այս ամենի դեմ»,- նշեց նա։

Ըստ Ղարիբյանի՝ իրենք ամեն կերպ պայքարելու են, որպեսզի իրենց ձայնը լսելի լինի։ Բողոքի ակցիաներ կանեն՝ քաղաքապետարանի դիմաց, նույնիսկ կառավարության, քանի որ ուրիշ տարբերակ չունեն։ 

«Հասկանում ե՞ք, բնակելի շենքի դիմաց ինչ որ շենք են կառուցում, որի առաջին հարկում ժամանցի կենտրոն է լինելու»,- խոսքն ամփոփելով ասաց Ղարիբյանը։

 

Պատրաստ ենք լսել նաև ԱԼԻԱՆՍ ՍՊԸ-ի կարծիքը։