«Ի՞նչ արվեստ, այդտեղ արվեստի բան չկա, արվեստի հոտ էլ չի գալիս։ Ինչ-որ մեկի ցանկությամբ արված անիմաստ ակցիա և անիմաստ հարձակում էր։ Հիմա այնքան բաներ են կատարվում, որ գլուխ չես հանում ու չես էլ ուզում հանել, որովհետև չես ուզում ամեն տեսակի աղբ լցնել ուղեղիդ մեջ, դիմակայել, պայքարել։ Ասում են՝ ֆուտուրիզմ է, դա բարբաջանք է, գիշերային վատ երազ»,- ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը՝ խոսելով նոյեմբերի 2-ին Հանրապետության Հրապարակի մետրոպոլիտենի կայարանի դիմաց տեղի ունեցած և աղմուկ բարձրացրած «Հուզանք ու Զանգ»-ի մասին։

Նրա խոսքով՝ բեմադրությունը որևէ կապ չուներ պոեզիայի հետ, հատկապես Չարենցյան պոեզիայի հետ․ «Գալարվում են, ինչ-որ բաներ են գոռում։ Ո՞վ է իրենց ասել, որ դա արվեստ է։ Ընդհանրապես արվեստի խոսքի հետ պետք է զգույշ լինել»,- նշեց նա։ 

Անդրադառնալով հանգամանքին, որ նոյեմբերի 2-ին կայացած «Հուզանք ու Զանգ» ներկայացման համար Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարարության 2019թ․-ի բյուջեից հատկացվել է 2,7 մլն դրամ, Ստեփանյանը նկատեց․ «Ամենակիրթ բանը, որ կարող եմ ասել՝ զարմանում եմ։ Ես չեմ հասկանում մշակույթի նախարարի քաղաքականությունը։ Մի քանի ամիս առաջ ինձ մոտեցավ Գորիսի թատրոնի ղեկավար Շանթ Հովհաննիսյանը և խնդրեց ինչ-որ բան բեմադրել, բայց ասաց՝ փողը շատ քիչ է, ասեցի՝ ես կփոորձեմ նախարարի տեղակալ Արա Խզմալյանին հարցնել՝ հնարավո՞ր է ինչ-որ բան անել։ Ի պատասխան Խզմալյանն ասաց, որ այս տարվա բոլոր ծախսերը պլանավորած են, սակայն դրանց մեջ Գորիսի թատրոնը չկա։ Ինչպե՞ս է, որ պետական թատրոնը, շրջանի թատրոնի համար գումար չկա, իսկ շատ կասկածելի ձեռնարկ, որը ոչ գեղագիտական արժեք ունի, ոչ դերասանական, ոչ ռեժիսորական աշխատանք է ներկայացնում, դրա վրա ծախսում է համարյա 5 հազար դոլար։ Սրանք այսօրվա կառավարության գաղտնիքներն ու առեղծվածներն են, որոնց վրա կարելի է ծիծաղել, զարմանալ ու ապշել»,- ասաց արվեստագետը։

 

Բեմադրիչը նշեց նաև՝ իր համար անհասականալի է, թե ինչպե՞ս կարող է ոլորտի ղեկավարը ստանալ 1,5 մլն՝ իմանալով, որ իր ոլորտում աշխատող դերասանը 60-70 հազար դրամ է ստանում․ «Գոյություն ունի բարոյականություն։ Ես որպես անձ, հայ և քաղաքացի չեմ կարող ընդունել այս ամենը, համակերպվել, ինձ համար շատ բաներ անհասկանալի են։ Ես շատ լավ գիտակցում եմ, որ 60-ն անց մարդիկ արդեն հաշվի մեջ չեն։ Ինձ մոտ տպավորություն է, որ նրանք ավելորդ բեռ են այսօրվա երիտասարդ իշխանության համար, որոնց հետ ոչ միայն հաշվի չեն նստում, այլև սպասում են՝ երբ կապրեն իրենց դարը և հրաժեշտ կտան կյանքին»,- նշեց Ստեփանյանը։ 

 

Սոնա Հարությունյան