Նոր իշխանությունների ամենասկանդալային դեմքերի շարքում իրենց ուրույն տեղն են հասցրել զբաղեցնել նաև Նիկոլ Փաշինյանի կաբինետի անդամները: Այսօր կանդրադառնանք նրան, թե պաշտոնավարման ընթացքում ինչ սկանդալային պատմությունների մեջ են հայտնվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
 
Արսեն Թորոսյանի անվան շուրջ կրքերը սկսեցին բորբոքվել այն բանից հետո, երբ նախարարը սկսեց հանրայնորեն գովազդել չարաբաստիկ Գարդասիլ դեղամիջոցը: Կրքերը թեժացան այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ դեղամիջոցի գովազդի համար Թորոսյանի գերատեսչությունը դրամաշնորհ է ստացել: Հաջորդ սկանդալը վերաբերում էր գերատեսչությունում կոռուպցիոն բացահայտումներին, ընդ որում, դա տեղի ունեցավ Թորոսյանի՝ իր ղեկավարած կառույցից կոռուպցիան արմատախիլ անելու հավաստիացումների ֆոնի վրա: Թորոսյանը մեկ այլ սկանդալի կիզակետում էլ հայտնվեց՝ կապված պետպատվերի բաշխման հետ: Բանն այն է, որ նախարարի կնոջ ղեկավարած կենտրոնի պետպատվերը, որ մատուցում է միայն МРТ և КТ ծառայություններ, կրկնապատկվել էր: Չցանկանալով որևէ կերպ անդրադառնալ այս հարցին՝ Թորոսյանը հայտնվեց մեկ այլ սկանդալի կենտրոնում՝ փախուստի դիմելով իր իսկ հրավիրած ասուլիսից: Նախարարը նաև աչքի է ընկել իր բազմաթիվ ընկերներին աշխատանքի դասավորելով, իսկ նրանցից մեկին՝ հոգեկան առողջության կենտրոնի պետին, բարձրացված մեծ աղմուկից հետո ստիպված եղավ նույնիսկ հեռացնել զբաղեցրած պաշտոնից:
 
Բադասյանի «ձեռքբերումները» այս առումով նույնպես քիչ չեն: Պաշտոնին նշանակվելու առաջին իսկ օրվանից նա հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում, այն պարզ պատճառով, որ զինվորական ծառայությունից վերջինիս ազատման հիմքերը որևէ վստահություն չէին ներշնչում: Թեև նախարարը խոստացել էր ցրել հանրության կասկածները, սակայն մինչ օրս էլ չի կատարել իր խոստումը: Բադասյանը նաև այն նախարարն է, ում ասոցացնում են, այսպես կոչված, «Սորոսի ֆոնդի» հետ: Բացի այդ էլ, մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Բադասյանի հայրը՝ Վլադիմիր Բադասյանը, հին Հայաստանի ոստիկանությունում զբաղեցրել է բարձրաստիճան պաշտոններ` Ոստիկանության իրավաբանական վարչության պետի տեղակալ, 6-րդ վարչության պետի առաջին տեղակալ:
 
Ինչպես տեսնում ենք, սկանդալների կիզակետում հայտնվում են ոչ միայն Նիկոլ Փաշինյանի մարզպետները, այլ նաև կաբինետի անդամները: Ավելորդ է նշել, որ նմանատիպ դրվագների հանրագումարը, ի վերջո, հարվածելու է հենց վարչապետի վարկանիշին, որը, ըստ վերջին սոցհարցումների՝ առանց այդ էլ գահավիժում է, և հենց Փաշինյանի շահերից է բխում սանձել իր թիմակիցներին, որպեսզի վերջիններս հնարավորինս քիչ հայտնվեն այս կամ այն սկանդալների կիզակետում…
 
Շարունակելի…