ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Արա Նազարյանը վստահեցնում է, որ կորոնավիրուսի տարածումից զերծ մնալու համար անհրաժեշտ բժշկական պարագաների՝ դիմակների, սպիրտային նյութերի պաշարների խնդիր չկա: Նազարյանն այս մասին վստահեցրեց ԱԺ ամբիոնից՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:

«Կորոնավիրուսի դեմ պայքարի հետ կապված հանրային լայն հետաքրքրություն, հասարակության շրջանում անհանգստություն կա, որ անհրաժեշտ պաշարներ ապահովված չեն: Կցանկանայի հասկանալ, թե մենք ունե՞նք անհրաժեշտ քանակությամբ պաշար՝ դիմակներ, և սպիրտային նյութեր դրա դեմ պայքարելու համար: Հանրությանը հետաքրքրում է հանրապետությունը ապահովված է անհրաժեշտ նյութերով, որպեսզի մենք զերծ մնանք այս վարակի տարածումից և դրանից բխող հետևանքներից»,-հարցրեց Բագրատյանը:

Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը վստահեցրեց՝ ինչ վերաբերվում է պահուստներին, ապա, այո, համապատասխան պաշարներ կան: «Բայց բարձրացված հարցի դեմ այլ եղանակով է պետք պայքարել: Խնդիրը նրանում չէ, թե պահեստարաններում ինչ կա, հարկավոր է պրևենտիվ միջոցներ ձեռնարկել: Բայց ինչ վերաբերում է նյութական պահեստում որոշակի քանակությամբ՝ համապատասխան պաշարներ լինելուն, ապա կան»,-ասաց նա։