Դանիան և Չեխիան մոտ ապագայում կթուլացնեն կարանտինային միջոցառումները, գրում է Radio Prague-ն:
Մանկապարտեզներն ու դպրոցները կսկսեն գործել Դանիայում ապրիլի 15-ից, իսկ Չեխիայում որոշ խանութներ կբացվեն ապրիլի 9-ից:
Ապրիլի 7-ից հնարավոր կլինի զբաղվել սպորտով բնության գրկում, սակայն անհրաժեշտ է պահպանել առնվազն երկու մետր հեռավորությունը:

Ապրիլի 9-ից Չեխիայում կբացվեն արհեստագործական խանութները, հեծանիվների վերանորոգման սրահները, տնտեսական ապրանքների խանութները, իսկ Զատիկից հետո, որը նշվում է ապրիլի 12-ին, Չեխիայի կառավարությունը կքննարկի կոշիկի վաճառքով զբաղվող և գրասենյակային իրեր վաճառող խանութների բացման հնարավորությունը:
Դանիայում մանկապարտեզներն ու դպրոցները կսկսեն գործել ապրիլի 15-ից, մնացած դպրոցները նախատեսվում է բացել մայիսի 10-ին, հայտնում է DW-ն: Միևնույն ժամանակ, սրճարանները, վարսավիրանոցները, դիսկոտեկները և առևտրի կենտրոնները կմնան փակ։
Դանիայի կառավարությունը կհոգա համավարակի պատճառով եկամուտները կորցրած ընկերությունների վարձակալության բոլոր ծախսերը: