Հայաստանի կառավարությունն ավելի քան մեկ տասնյակ հյուրանոցներում հազարավոր համարներ է վարձակալել կորոնավիրուսով վարակված լինելու մեջ կասկածվող մարդկանց մեկուսացնելու համար: COVID-19 միջոցառման շրջանակներում կառավարության կողմից ավելի քան 20 անգամ հյուրանոցային ծառայություն է գնվել եւ վճարվել է մոտ 224 մլն դրամ: Վարձակալված հյուրանոցներից որոշները հայտնի են հանրությանը, որոշները` ոչ այնքան: Եվ որոշ հյուրանոցների հետ կնքվել են բավականին խոշոր գումարի պայմանագրեր: 

 

Կառավարության կայքում տեղադրված այդ պայմանագրերից պարզ է դառնում, որ դիցուք՝  Երևանում գտնվող «Նաիրի հոթելի» հետ կնքվել է երկու պայմանագիր, որոնցից մեկի արժեքը եղել է 13 մլն 920 հազար դրամ, երկրորդինը՝ 6 մլն 960 հազար դրամ: Ընդհանուր առմամբ՝ մատուցվել է 15 օրվա հյուրանոցային ծառայություն:

«Իմպերիալ հոթելի» հետ 15 օրվա համար 19 մլն 635 հազար դրամի պայմանագիր է կնքվել: Պայմանագրում կրկին նշված չէ, թե դա քանի քաղաքացու մեկուսացման համար է:

«Արարատ» հյուրանոցի հետ նույնպես COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում երկու պայմանագիր է կնքվել: Երկու օրվա համար 50 սենյակի դիմաց պետությունը վճարել է 3 մլն 508 հազար դրամ: Գումարը ներառել է նաև խնամքի պարագաները: Նույն հյուրանոցը 13 մլն 830 հազար դրամի շրջանակում ևս 15 օրով վարձակալության է տվել ևս 50 սենյակ՝ 107 մարդու համար:

«Ինվեստ հոթելը» 20 մլն 902 հազար դրամի շրջանակում տրամադրել է 55 համար՝ 15 գիշերով, որից օգտվել է 1.500 քաղաքացի: Պայմանագիրը ներառում է նաև սնունդը:

Էջմիածին քաղաքում գտնվող «Ռիչմայնդ» հյուրանոցը 12 մլն 337 հազար դրամի վճարի դիմաց կես ամիս տրամադրել է հյուրանոցային համարներ և սնունդ՝ 85 անձի համար: Էջմիածնում գտնվող մեկ այլ հյուրանոց՝ «Արկուդա»-ն, 12 անձի համար երեքանգամյա սնունդով մեկ շաբաթ հյուրանոցային ծառայություն է մատուցել 960 հազար դրամով:

«Նորք Ռեդիզենս» հյուրանոցը 30 օր առանց սննդի 36 սենյակ տրամադրել է 10.5 մլն դրամով:

Ծաղկաձորի «Գարուն Հյուրանոց» ՍՊԸ-ն՝ «Ռոսիա» հյուրանոցը, 11 օր առանց սննդի տրամադրել է հյուրանոցային համարներ՝ 10.5 մլն դրամով: Պայմանագրում նշված չէ վարձակալված սենյակների թիվը:

Ամենամեծ գումարով պայմանագիրը կնքվել է հյուրանոցային ծառայություններ մատուցող «Ռումի ՍՊԸ»-ի հետ՝ 36 մլն 465 հազար դրամի: Առանց սննդի 30 օր հյուրանոցային համարներ են տրամադրվել, սակայն դրանց քանակը հայտնի չէ:

Գյումրու «Գյումրի» հյուրանոցը 10 օր 15 մլն 900 հազար դրամի հյուրանոցային ծառայություններ է մատուցել, թե ինչ ծառայություն՝ նշված չէ: Մեկ այլ պայմանագրով էլ 11 օրվա համար է հյուրանոցային ծառայություն մատուցվել՝ 5 մլն 224 հազար դրամով, որը ներառում է նաև սնունդը:

«Ռեժինե» հյուրանոցը 4 մլն 50 հազար դրամի շրջանակում 75 համար է տրամադրել՝ յուրաքանչյուրը 12.500 դրամով, որից 45-ը՝ 4 գիշերվա, իսկ 30-ը՝ 3 գիշերվա համար: 

LՈւՐԵՐ.com-ին հասած տեղեկությունների համաձայն՝ չնայած այն հանգամանքին, որ վերոնշյալ հյուրանոցներում կարանտինի կազմակերպման համար փաստացի օգտագործվել են ընդամենը մի քանի տասնյակ համարներ, և դա պարզ է դառնում  նաև պայմանագրերից՝ հյուրանոցներին բյուջեից փոխանցվել է հյուրանոցի ամբողջական վարձակալության գումարը: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ օգտագործված համարների դիմաց հասանելիք (դեռ մի բան էլ ավել) վճարը ստանալուց հետո ավելցուկը հյուրանոցները հետ են ուղարկել առողջապահության նախարարություն, այսինքն՝ գործել է ատկատի դասական սխեմա: Հենց այս հանգամանքի վրա էլ հրավիրում ենք պատկան մարմինների ուշադրությունը՝ պարզաբանում ստանալու ակնկալիքով: